ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ և քարտուղար ունի

Այսօր՝ հունվարի 22-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցավ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:
Հոգաբարձուների խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց Գևորգ Մուրադյանի թեկնածությունը՝ նշելով, որ նրա առաջադրումը վկայում է այն մասին, որ չկան հներ և նորեր:

«Մենք շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Համոզված ենք, որ Գևորգ Մուրադյանի գիտական և կազմակերպչական փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝ բարեփոխումների ճանապարհով անցնելու համար», – նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Գևորգ Մուրադյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի, Հումբոլդի մրցանակակիր է:

Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասաց, որ առաջնային նպատակը պետք է լինի այն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները, իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:

Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Այնուհետև օրակարգային երկրորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանի թեկնածությունը: Ամալյա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, այժմ աշխատում է Ագրարային համալսարանում՝ որպես դասախոս:

Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի թեկնածությունը՝ փաստելով, որ նրա անցած ճանապարհը և գործունեությունը նշանակալի են. «Հատկապես մեծ է նրա ներդրումը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Գիտենք, որ նա ստեղծել ու  ղեկավարում է ԵՊՀ չինական մշակույթի և չինարենի
կենտրոնը»:

Արթուր Իսրայելյանը, իր ելույթում ներկայացնելով անցած ճանապարհը և գործունեությունը, ասաց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով նպաստել համալսարանի զարգացմանը. «Այս տարի լրացավ համալսարանում իմ գործունեության 10 տարին»:

Ձայների մեծամասնությամբ  հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը (Արթուր Իսրայելյան՝ 16 կողմ ձայն, Ամալյա Սողոմոնյան՝ 14 կողմ ձայն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել