Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այս պահին ընթանում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Նշենք, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց գաղտնի ձայնագրության կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը նշել է, որ «Կոնգրես» հյուրանոցը Ռոբերտ Քոչարյանը ձեռք է բերել կաշառքի միջոցով: Բացի դրանից՝ ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենը անդրադարձել է նաև նրա ընտանիքի ունեցվածքին:
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը ոչ պատշաճ պատասխանող է, քանի որ նա ասուլիս է տվել որպես ԱԱԾ տնօրեն, հետևաբար, Սեդրակ Քոչարյանը հայցադիմում պետք է ներկայացներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Վահագն Գրիգորյանին հակադարձեց հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը, ում պնդմամբ, ասուլիսը հրավիրվել է մասնավոր զրույցի գաղտնալսման վերաբերյալ և դրա մասին ԱԱԾ տնօրենը հայտնել էասուլիսի սկզբում: Նա նշեց նաև, որ «Կոնգրես» հյուրանոցի վերաբերյալ արված հայտարարությունը ազդում է Սեդրակ Քոչարյանի գործարար համբավի վրա:
Հայցվորի ներկայացուցիչը նաև միջնորդություն ներկայացրեց Արթուր Վանեցյանին որպես վկա դատարան հրավիրելու համար: Դատարանն այս միջնորդությունը մերժեց:
Նիստը հետաձգվեց: Հայցվոր կողմը պետք է եռօրյա ժամկետում ապացույց ներկայացնի, որ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերն է:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 25-ին: