Դատական հայց ընդդեմ «ՄՏՍ Հայաստան»-ի՝ չվճարված աշխատավարձի բռնագանձնման պահանջով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում հունվարի 17-ին, սկսվեց քաղաքացի Միհրան Գալստյանն ընդդեմ «ՄՏՍ Հայաստան» գործով դատաքննությունը: Քաղաքացին «Վիվասել»  ապրանքանշով հայտնի ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ չվճարված աշխատավարձը բռնագանձելու պահանջով:

Նախագահող դատավոր Գայանե Մազմանյանը թույլ չտվեց նիստը տեսանկարահանել, քանի որ պատասխանող կողմը դեմ էր:

Միհրան Գալստյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը դատարանում ներկայացրեց հայցադիմումի հիմնական բովանդակությունը:

Հայցվորը և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Ղ-Տելեկոմ») 2007 թվականի սեպտեմբերից գտնվում են աշխատանքային իրավահարաբերությունների մեջ:

Միհրան Գալստյանը աշխատել է ընկերությունում որպես տեխնիկ և նա պնդում է՝ իր աշխատանքին զուգահեռ կատարել է նաև վնասակար աշխատանք, որի համար ընկերությունը նրան չի վարձատրել:

«Բոլոր պայմանագրերով Միհրան Գալստյանը կատարել է նույն աշխատանքը: 2009 թվականից աշխատանքը, որը կատարել է իմ վստահորդը, գնահատվել է «վնասակար պայմաններում կատարվող աշխատանք» և նախատեսել է աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելում, որը իմ վստահորդը չի ստացել: Այս մասով լսել ենք կողմի առարկությունը.  պնդում են, թե հավելումը ներառվել է աշխատավարձում: Դրա հետ միանշանակ համաձայն չենք, քանի որ այն չի բխում պայմանագրից, որը կնքվել է կողմերի միջև, նման կետ նախատեսված չի եղել, որ վճարվող աշխատավարձի մեջ ներառվում է նաև վնասակար աշխատանքի համար տրամադրվող վճարը»,-նշեց Արմեն Օհանյանը:

Ներկայացուցչի խոսքով սակայն, ամեածավալուն պահանջը, որը իրենք ցանկանում են ներկայացնել, դա լրացուցիչ կատարված, սակայն չվճարված աշխատանքն է: Արմեն Օհանյանը նշեց, որ իր վստահորդը շատ անհարմար, բարձր լեռնային գոտիներում վարել է մեքենաներ, որոնք ամենևին նախատեսված չեն եղել հարմարավետությունն ապահովելու համար:

«Այսինքն, կատարել է նաև վարորդի աշխատանք, որի համար մոտ 10 տարվա ընթացքում ևս չի վճարվել: Այս փաստի կապակցությամբ անդրադառնամ նաև կողմի առարկությանը: Պատասխանողը պնդում է, թե մեքենա տրամադրելով հարմարավետություն է ստեղծել, տվել են այդ մեքենան, որպեսզի անձին ավելի հարմարավետ լինի տեղափոխելուց և դա լրացուցիչ կատարված աշխատանք չէ: Դրա հետ միանշանակ համաձայն չենք, որովհետև այն աշխատանքը, որը կատարվել է, «աշխատանքային պայմանների հարմարավետություն» կոչվել չէր կարող: Իմ վստահորդին ավելի հարմարավետ կլիներ նստել այդ մեքենան որպես ուղևոր: Միայն այդ ճանապարհը գնալը, կայան հասնելը և գալը արդեն իր աշխատաժամանակից երկար է տևում, սա էլ արդեն արտաժամ է»,-նշեց Օհանյանը:

Նա նշեց, որ Միհրան Գալստյանը ստիպված է եղել աշխատել նաև գիշերը, նրան արգելված է եղել հեռախոսը անջատել: Կայաններից որևէ մեկում տեղի ունեցած վթարների դեպքում նա պարտավոր է եղել անմիջապես, թեկուզ գիշերը 5-ին նստել մեքենան և ուղևորվել վթարի վայր՝ խնդիրը վերացնելու համար:

«Հետևաբար, ավտոմեքենան նրան է տրվել ոչ թե հարմարավետությունն ապահովելու, այլ նրա համար, որ յուրաքանչյուր ժամանակ նա հասանելի լինի, գիշերվա 3-ին զանգի, փոխադրման միջոց ունենա ու հասնի այդ կայան»,- նշեց ներկայացուցիչը ու հավելեց, որ իր խոսքերն ամենևին տպավորություն ստեղծելու համար չեն, դա եղել է Միհրան Գալստյանի առօրյան:

Նա նշում է, որ պատասխանող կողմը դատարանին չի ներկայացրել այն մատյանները, որոնք լրացվում են կայան մուտք գործելիս և դուրս գալիս: Այդտեղ կերևա նաև, թե երբ և որքան անգամ է Միհրան Գալստյանը կայան գնացել գիշերով. «Հայցվոր կողմի կարծիքով՝ այդ մատյանները չներկայացնելու բոլոր բացասական հետևանքները պետք է կրի պատասխանողը»:

Արմեն Օհանյանը ներկայացրեց, որ ընկերությունից պահանջում են հատուցել 25 միլիոն 58 հազար 625 դրամ, որի մեջ մտնում է նաև վարորդի հաստիքի համար վարձատրությունը:

Հայցվոր կողմի ներկայացրած փաստերին հակադարձեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Բաղրամյանը: Նա նշեց, որ դատարան ներկայացված հայցադիմումը ամբողջովին անհիմն է և ենթակա է մերժման:

Անդրադառնալով Միհրան Գալստյանին հատկացված մեքենային, պատասխանողի ներկայացուցիչը նշեց. «Ընկերությունն իր աշխատակցի արդյունավետությունը բարձրացնելու համար որոշել էր նրան հատկացնել մեքենա: Հակառակ պարագայում՝ աշխատակիցը ստիպված էր լինելու իր միջոցներով, իր հաշվին գնալ այն վայրը, որտեղ նա պետք է կատարեր իր աշխատանքային պարտականությունները: Մինչդեռ, նա այդ մեքենայով եկել է իր աշխատանքի վայր և այդ նույն մեքենայով, ընկերության վառելիքով վերադարձել է տուն: Ակնհայտ է, որ մեքենա վարելու ընթացքում նա չի կատարել իր աշխատանքային պարտականությունները և ասում է, թե նույն ժամանակահատվածում կատարել է  տարբեր աշխատողների աշխատանք: Հայցվորի տրամաբանությամբ՝ որևէ ձեռագիր փաստաթուղթ կազմելու կամ լրացնելու համար նա կարող է պահանջել գրագիր, համակարգչի օգտագործման համար՝ համակարգչային օպերատորի: Նա նշում է, որ ստիպված է եղել իր գործիքները, պահեստամասերը ինքը տեղափոխել: Սակայն, եթե գործիքները գերծանր չեն, ապա ոչ մի ընկերություն պարտավոր չէ դրանց տեղափոխումը ապահովել»,-նշեց Բաղրամյանը և հավելեց, որ Միհրան Գալստյանի հետ չի եղել որևէ պայմանավորվածություն, որ նա վարորդի աշխատանք կատարելու համար պետք է առանձին վարձավճար ստանա. «Սակայն եղել է հստակ պայմանավորվածություն և դա ամրագրվել է աշխատանքային պայմանագրում, որ նա պետք է կատարի տեխնիկի պարտավորություններ, որի պարտականությունների մեջ է մտել նաև մեքենա վարելը»:

Ինչ վերաբերում է շուրջօրյա հերթապահություն և արտաժամյա աշխատանք կատարելուն, Վահագն Բաղրամյանը դրանք որակեց որպես «անլուրջ»:

Նրա խոսքով՝ անձը չի կարող մշտական շուրջօրյա հերթապահություն իրականացնել և նրա աշխատանքային պայմանագիրը նույնպես այդպիսի դրույթ չէր նախատեսում:

«Հայցվորի համար աշխատանքային ժամեր են սահմանվել 09:00-18:00՝ ներառյալ 1 ժամ ընդմիջում, երշուշաբթիից ուրբաթ: Գործատուն պատասխանատվություն չի կրում իր հետ համաձայնեցված ժամերից դուրս արտաժամյա աշխատանքի համար, հետևաբար,  հայցվորը կարող էր իր աշխատանքային ժամերից դուրս ներգրավվել որևէ աշխատանքի կատարմանը միայն ընկերության գրավոր հրահանգով և նման հրահանգի բացակայության պայմաններում: Բայց բոլոր դեպքերում, երբ աշխատողը գործատուի գրավոր հրահանգի համաձայն կատարել է արտաժամյա աշխատանք, նա վարձատրվել է»,-նշեց նա՝ հավելելով, որ Միհրան Գալստյանը այս ողջ ընթացքում չի դիմել ընկերությանը, չի հայտնել, թե արտաժամյա աշխատանք է կատարել և չի պահանջել վարձատրություն:

Վահագն Բաղրամյանը նշեց, որ հայցվորի այն պնդումը, թե նրան արգելված է եղել օրվա ցանկացած ժամին անջատել հեռախոսը, համապատասխանում է իրականությանը. «Շուրջօրյա պայմանի նախատեսումը չի կարող մեկնաբանվել որպես հերթապահություն»:

Արմեն Օհանյանը, պատասխանելով Վահագն Բաղրամյանի պնդումներին, նշեց, որ նրա բերած օրինակները համեմատելի չէին այն փաստերի հետ, որոնք իրենք են նշել հայցադիմումում. «Մեքենա վարելը տեխնիկի պարտականությունների մեջ չի մտնում և, սովորաբար, տեխնիկները մեքենա չեն վարում, նրանք ունեն վարորդներ, ովքեր իրենց տեղ են հասցնում»:

Բաղրամյանն էլ հակադարձեց, որ ընկերության վրա որևէ պարտականություն դրված չէ աշխատակիցներին մեքենաներով ապահովելու համար. «Եթե նա դեմ էր այդ մեքենային, թող գար, ասեր, հանձներ մեքենան: Ոչ թե 10 տարի աշխատեր, հետո գար ու ասեր, որ վախենում էր աշխատանքը կորցնել: Եթե գործից չհանեին՝ խախտված իրավունքներով շարունակելու էր աշխատե՞լ»:

Պատասխանող կողմի ներկայացուցչի դիտարկումներին անդրադարձավ նաև ինքը Միհրան Գալստյանը. «Արտաժամյա աշխատանք, այո, կատարել եմ, սակայն չկենտրոնանք դրա վրա, դա հայտարարվեց որպես բացարձակ ճշմարտություն: Բոլոր աշխատողները կաշկանդված են եղել, դատարան մտել են ընդամենը 3 հոգի, մեկը հասել է արդեն ՄԻԵԴ: Մենք կաշկանդված ենք եղել բողոքել, քանի որ դա կարող էր անդրադառնալ մեր ընտանիքի միջոցների վրա, ընտանիք պահելու վրա: Օրենքը հնարավորություն է տալիս առանց ժամկետի աշխատանքային վեճերը լուծել և ես օգտվում եմ իմ այդ իրավունքից»,- նշեց Գալստյանը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 6-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել