Նախատեսվում է համաներում կիրառել մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի գծով տույժերի համար

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով  նախատեսված  մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում՝ հաշվի առնելով բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Մասնավորապես.

ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ  2018թ. մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացվել է վերահսկողություն:

Վերահսկողության ընթացքում կայացվել է 81 վարչական ակտ, որից 20-ը որպես ծանրաքաշ  բեռների փոխադրման (36-44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող), 21-առանց հատուկ թույլտվության ծանրաքաշ բեռների փոխադրման և 40 վարչական ակտ՝ սռնու վրա թույլատրելի բեռնվածքի գերազանցման համար:

Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի նիստում հավանության արժանացան «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերը, որոնց ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու և առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է: Նախագծով նախատեսվել է ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների և դրանց սռնիների վրա ընկնող ընդհանուր զանգվածի և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների սահմանափակումները սահմանել կառավարության որոշմամբ:

Նախագծով նախատեսվում է նաև առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված  տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական  ակտեր, որից վճարվել են 2455-ը:  Թվով  3623 վարչական  ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել՝ պայմանավորված  սոցիալ-տնտեսական  ծանր պայմաններից:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի  գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի  չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից՝ պետական տուրքի մայր գումարը մարելու դեպքում:

Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաև վարչական ակտերի և պետական տուրքի գծով տույժերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց ազատել վարչական պատասխանատվությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել