Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն է տարածել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ, որում ասվում է.
«2018 թվականի դեկտեմբերի 19-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀԱ) կողմից Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, կազմակերպվել էր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի (այսուհետ՝ Ռազմավարության նախագիծ) հանրային քննարկում՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացնող, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հարկ է նշել, որ վերոնշյալ հանրային քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են մի շարք պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների։ Բացի այդ, միջոցառման մասին տեղեկությունը տարածվել էր նաև սոցիալական ցանցերի միջոցով (հրավիրյալների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված միջոցառման հրավերին կարող եք ծանոթանալ այստեղ):
Չնայած այն հանգամանքին, որ Ռազմավարության նախագիծը արմատական վերանայման կարիք ունի, այդուհանդերձ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ողջունում է ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ կառուցողական դաշտում երկխոսելու և Ռազմավարության նախագծի լրամշակման մասնակցային և թափանցիկ գործընթաց ապահովելուն ուղղված ջանքերը՝ արդյունքում կոնսենսուսային փաստաթուղթ ունենալու նպատակով։ Այս գործելաոճը դրական է գնահատվում ի տարբերություն նախորդ հակակոռուպցիոն ռազմավարությունների։ Ավելին, նախորդ՝ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության համար հիմք հանդիսացած «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը մշակվել էր «գերգաղտնի» պայմաններում (այս մասին հայտարարության մանրամասները կարող եք տեսնել այստեղ։ Հայեցակարգը մշակվել էր առանց որևէ իրավական հիմքի ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որի աշխատանքները համակարգում էր ՀՀ նախկին նախագահի օգնականը։ Վերոնշյալ հայեցակարգի մշակման աշխատանքներին, ցավոք, մասնակցել է նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպություն։
Անդրադառնալով Ռազմավարության նախագծին, պետք է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակել է Ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել նախ՝ 2019 թվականի հունվարի 3-ը, ապա՝ հունվարի 8-ը: ՔՀԿ-ները այս փուլում մշակում են իրենց առաջարկությունները՝ Ռազմավարության նախագծի բարելավման նպատակով։
Այդ առնչությամբ, հաշվի առնելով դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված հարցադրումները, ինչպես նաև նկատի ունենալով վերջինիս վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնելու սուղ ժամկետները, Իրավաբանների հայկական ասոցիացիան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին իր 02/67 գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ընդունվելիք ծրագրում նախատեսվի հակակոռուպցիոն նոր՝ 2019-2022 թվականների ռազմավարության մշակման առավել իրատեսական ժամկետներ՝ այդ փաստաթղթի լրամշակման, մասնագիտական քննարկումների անցկացման, հանրության լայն շրջանակների ներգրավման նպատակով:
Կոալիցիան դրական է գնահատում Կառավարության՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության կայացրած որոշումը, որով երկարաձգվել է Ռազմավարության նախագծի e-draft.am կայքում հանրային քննարկումների ժամկետը, այն սահմանելով մինչև 2019 թվականի հունվարի 31-ը։
Միաժամանակ նշենք, որ հանրային քննարկման ներկայացված Ռազմավարության նախագծի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև մի քանի հասարակական կազմակերպություններ: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հիշյալ կազմակերպությունները Նախագծի վերաբերյալ իրենց կարծիքում անդրադարձել են Ռազմավարության նախագծի առանձին կարգավորումների, և նշել, որ Նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ հաստատված Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի պահանջներին: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության հիշյալ արձանագրային որոշումն ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2017 թվականին՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի նիստի N 42 արձանագրային որոշման 2-րդ կետով, հետևաբար նշյալ կազմակերպությունների կողմից Ռազմավարության նախագծով նախատեսված կարգավորումների նկատմամբ ՀՀ կառավարության ուժը կորցրած արձանագրային որոշման կիրառմանն ուղղված պահանջները իրավազուրկ են և ոչ փաստարկված։
Հայտնենք նաև, որ առաջիկայում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կհրապարակի նաև Ռազմավարության նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը։
09.01.2019թ»: