ԲԴԽ-ին նոր լիազորություններ կտրվեն. առաջխաղացման և նշանակման ենթակա դատավորների ցուցակները անբողոքարկելի կդառնան

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նոր օրենսդրական նախաձեռնություն է  ներկայացրել ԱԺ:

Պատգամավորը առաջարկում է դատական օրենսգրքում նոր փոփոխություն ու լրացումներ կատարել, որով նոր լիազորություններ կտրվեն Բարձրագույն դատական խորհրդին:

Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասը առաջարկվում է լրացնել նոր՝ 25.1-րդ կետով, որի համաձայն՝ ԲԴԽ կսահմանի նաև դատավորների ներքին կարգապահական կանոնները, դատավորի դիմումի հիման վրա իրավական հարցերի վերաբերյալ կտա խորհրդատվական բնույթի պարզաբանումներ:

Առաջակվում է նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 8-9-րդ, 18-րդ և 24-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ընդունվող որոշումները անբողոքարկելի դարձնել:

Սա ենթադրում է, որ բողոքարկամն ենթակա չեն լինի դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների, նախագահին ներկայացված նշանակման ենթակա դատավորների թեկնածուների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների, Ազգային ժողովին առաջարկվող Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուների ցուցակները, դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը և նրա  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը:

Անբողոքարկելի կդառնան նաև դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը:

Բողոքարկման ենթակա չեն լինի նաև դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի գոյության կարճ ժամանակահատվածում գրացվել է դեպք, երբ նախագահին ներկայացված նշանակման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հետ կապված գործ է հարուցվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ բարձրագույն դատական խորհրդի և նախագահ Արմեն Սարգսյանի:

Բարձրագույն դատական խորհուրդը 2018 թվականի օգոստոսի 6-ին նախագահին էր  ներկայացրել 2019 թվականին ստեղծվող սնանկության դատարանի դատավորների 12 թեկնածուների, որոնք նախագահի հրամանագրով նշանակվել են նշված դատարանի դատավորներ:

Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը պահանջում են, որ բարձրագույն դատական խորհրդի՝ թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչվեն:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել թվով 12 դատավորների թեկնածությունները, սակայն այդ ցանկում բացակայել են դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Կարինե Պետրոսյանի անունները:

Եվգենյա Համբարձումյան

Լուսանկարում  ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել