Գյումրիում դուստրը մորն օգնելու փոխարեն տեսանկարահանել է հարևանուհու հետ վեճը

Այսօր` հունվարի 15-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց իր հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող` Դ. Մանուկյանի քրեական գործի քննությունը:

 

Այս գործով Գյումրի քաղաքի բնակչուհի Դոնարա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 25-ին կենցաղային առիթով վիճաբանել է Մ. Հովհաննիսյանի և Կ. Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածել է մարմնի տարբեր մասերին:

 

Հիշեցնենք, որ Դոնարա Հարությունյանը իր բնակարաանի հարթակում` նույն հարթակի հարևան և սույն գործով տուժող` Կ. Մարտիրոսյանի կողմից ապօրինի զուգարան կառուցելու կապակցությամբ հայցով դիմել է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր և գործը դեռևս քննության փուլում է: Սա էլ թերևս պատճառ է հանդիսացել հարևանների միջև առաջացած տարաձայնությանը: Դոնարա Մանուկյանի շահերը թե’ վարչական և թե’ քրեական դատարանում պաշտպանում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

 

Դատարանի բազմաթիվ հորդորներին` կողմերի հաշտության վերաբերյալ, տուժողը կտրականապես հրաժարվեց հաշտվել իր հարևանուհու հետ:

 

Ըստ սույն գործով ամբաստանյալ Դ. Մանուկյանի` վերջինս 2012թ. դեկտեմբերի 30-ին`նույն գործով տուժողին և վերջինիս ընտանիքին օգնել է շմոլ գազի թունավորումից: Սակայն դա էլ այսօր չմեղմացրեց հարևանուհու դիրքորոշումը և վերջինս անգամ չէր էլ փնտրում հաշտության եզրեր:

 

Դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին վկաներ, ինչպես ամբաստանյալի կողմից վկայակոչված, այնպես էլ տուժողի կողմից վկայակոչված միակ վկան, ով վերջինիս դուստրն է:
Դատարանի այն հարցին, թե տուժողի դուստրը ինչու՞ չի օգնել մորը, այլ փոխարենն իր հեռախոսով ձայնագրել է վեճը, պատասխան հնչեց, թե վախեցել է, որ հարևանուհին ինքն առաջինը կվազի ոստիկանություն: Վերջինիս ցուցմունքով իրենք են առաջինը դիմել ոստիկանություն, սակայն դեպքից 5 օր հետո: Ճիշտ է, բանականության մղումը զսպել է դստերը` չօգնել մորը, սակայն դժվար է ընկալել մի պարզ փաստ, որ փոխարենը սառնասրտորեն հետևել է վեճին` չնայած այն հանգամանքին, որ վերջինիս պնդմամբ` Դ. Մանուկյանը հարձակվել է մոր վրա, հարվածել և նա ընդամենը ձայնագրել է Դ. Մանուկյանի անբարո արտահայտությունները` որպես ապացույց:

 

Դատական նիստն հետաձգվեց սույն թվականի հունվարի 21-ին:

 

Հաջորդ նիստին ևս կհարցաքննվեն վկաներ և համաձայն մեղադրողի միջնորդության` ապացույցների հետազոտման կարգ սահմանելու վերաբերյալ` կհարցաքննվի ամբաստանյալը և ապա նոր կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը և իրեղեն ապացույցները:

 

Իսկ թե իրականում որտեղ է գտնվել Դ. Մանուկյանը 2012թ. հուլիսի 25-ին ժամը 17:40-ին` պարզ կդառնա հերթական դատական նիստի ընթացքում:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել