Այսօր` դեկտեմբերի 26-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Հարություն Մովսիսյանի, կայացավ ծեծի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը:
Բանն այն է, որ սույն գործով Գյումրի քաղաքի բնակչուհի Դոնարա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 25-ին կենցաղային առիթով վիճաբանել է Մ. Հովհաննիսյանի և Կ. Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածել է մարմնի տարբեր մասերին:
Հիշեցնենք, որ Դոնարա Հարությունյանը իր բնակարաանի հարթակում` նույն հարթակի հարևան և սույն գործով տուժող Կ. Մարտիրոսյանի կողմից ապօրինի զուգարան կառուցելու կապակցությամբ հայցով դիմել է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր և գործը դեռևս քննության փուլում է: Սա էլ թերևս պատճառ է հանդիսացել հարևանների միջև առաջացած տարաձայնությանը: որ Դոնարա Մանուկյանի շահերը թե’ վարչական և թե’ քրեական դատարանում պաշտպանում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Այսօր դատական նիստին ներկա էին մեղադրող Մ. Սալոյանը, տուժող Կ. Մարտիրոսյանը և տուժողի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Հարությունյանը, ինչպես նաև ամբաստանյալ Դ. Մանուկյանը և վերջինիս շահերի պաշտպան փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Դատարանը պարզաբանեց կողմերին դատավորի և դատախազի դեմ ինքնաբացարկ ներկայացնելու իրավունքի մասին: Մինչև դատաքննությանը անցնելն ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց դատարանին հետաձգել դատական նիստը` քրեական գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար, քանի որ վերջինս տրամադրվել էր քրեական գործի միայն մի մասը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստ նշանակեց 2013թ. հունվարի 15-ին ժամը 11:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net