Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի:

Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում:

«Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, ապօրինությունների հետ, լավատեսորեն է նայելու ապագային, չի լինելու խնդրարկու: ՀՀ քաղաքացին լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, այլ լինելու է աշխատող, արարող, բարիք ստեղծող: Մեր կառավարության կարևորագույն առաջանահերթություններից մեկն աղքատության հաղթահարումն է, որը մի խնդիր է, որ մեր երկիրը ծվատում է բավական երկար ժամանակ: Ի՞նչ պետք է անենք և ինչպե՞ս պետք է անենք, որպեսզի աղքատությունը հաղթահարվի: Եկա մի այսպիսի եզրակացության, մտածեցի, որ այդ երևույթը կարող ենք պայմանականորեն անվանել «Այգեհովիտի սինդրոմ»: Ի՞նչ նկատի ունեմ. երեկ Այգեհովիտում խոսակցության բռնվեցինք գյուղամիջում ներկա մարդկանց հետ և պարզվեց այսպիսի իրավիճակ. նախ մարդիկ խոսում էին աշխատատեղերի խնդրի մասին, սակայն պարզվեց, որ հացի արտադրամասի սեփականատերը փնտրում է երկու աշխատող՝ 100 հազար դրամ աշխատավարձով և չի կարողանում գտնել: Այս իրավիճակը, կարծում եմ, բացահայտում է մեր երկրի խորքային խնդիրներից մեկը: Մարդիկ ասում են՝ աշխատենք, որ սոցիալական նպաստից զրկվե՞նք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս երևույթը երկար տարիներ վարված քաղաքականության արդյունք է, երբ աղքատությունը և աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել է գերադասելի, քան աշխատանքը և աշխատանքով վաստակելը:

«Որովհետև ՀՀ-ում հատատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ մարդկանց կաշառքով շահագրգռի քվեարկել իր օգտին: Հայաստանում այսօր հաստատված ժողովրդի իշխանությունը ոչ թե օգնելու է մարդկանց լին ել աղքատ, այլ հակառակը՝ նպաստելու է, որ նրանք չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու է, որ նրանք աշխատեն, որովհետև հայ ժողովուրդը ձեռք պարզող ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը ձեռք մեկնող ժողովուրդ է, խնդրարկու չէ, այլ օգնության հասնող է, ծույլ չէ, այլ աշխատող»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունները մեր երկրում տեղի են ունեցել աշխատանքի արդյունքում, երբ գտնվեցին մարդիկ, որոնք աշխատեցին մեծ համաժողովրդական նպատակին հասնելու համար: «Ուզում եմ այս ուղերձը հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին. աղքատության քաջալերման քաղաքականությունը նույնպես պետք է արմատախիլ անել, պետք է քաջալերել աշխատանքը, հնարավորություն, ստեղծել, որ մարդիկ իրենց աշխատանքով հաղթահարեն աղքատությունը, հուսահատությունը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ իրականության փոփոխությունը ՀՀ կառավարության կարևոր առաքելությÕ �ւնն է, բայց դրա համար պետք է փոխել նախ իրականության ընկալումը: «Ինչպե՞ս կարող է փոխվել իրականությունը՝ առանձին անհատ մարդկանց ջանքերով: Բոլորդ գիտեք, որ Իջևանի շրջանում Ենոքավան գյուղն ավանդաբար եղել է շրջանի ամենափոքր, ամենավատ զարգացած ենթակառուցվածքներով գյուղերից մեկը: Բայց մի մարդու կամ մարդկանց խմբի ջանքերով Ենոքավանն այսօր տարածաշրջանի ամենաարագ զարգացող բնակավայրերից է, որտեղ բնակչությունն աճում է, տների գներն աճում են: Նկատի ունեմ՝ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում՝ առաջին հերթին աշխատող մարդու շնորհքն է: Մեր ընկալումների մեջ պետք է փոխվի հետևյալը. մենք ոչ թե պետք է նախանձենք ուրիշի հաջողությանը, այլ ոգևորվենք, քաջալերվենք: Ուզում եմ ձեզ քաջալերել՝ աշխատանքի ուղղությամբ, մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ կարող է անել իր ընտանիքի բարեկեցությունը բարելավելու համար: Կառավարությունը պետք է օժանդակի այն մարդկանց, ովքեր մտածում են ավելի ու ավելի զարգանալու, աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Սա է տնտեսության զարգացման մասին մեր պատկերացումը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ապահովի աշխատող մարդուն հնարավորինս շատ բաներ ով՝ ճանապարհներով, խմելու, ոռոգման ջրով, էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագնով, ջրի կորուստների նվազեցմամբ և այլն: «Այս քաղաքականությունը պետք է առաջ տանենք, որ ձևավորված հույսն ավելի ու ավելի մեծանա, մենք պետք է քաջալերենք մարդկանց ոչ թե ձգտել աղքատության նպաստի, այլ բարեկեցության և հարստության: Մեր հերոսները պետք է լինեն նրանք, ովքեր իրենց քրտինքով, առանց մոնոպոլիաների արդյունք են ստեղծում, աշխատատեղ են ստեղծում: Մեր ուղերձը մեկն է. իշխանությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որ դուք հարստանաք ու հարստացնեք մեր երկիրը, մենք ուզու մ ենք, որ մեր բոլոր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մեր կառավարության և անձամբ իմ պարտավորությունը հետևյալն է. մեր իշխանությունը պետք է օգտագործենք ոչ թե մեր, այլ ձեր հարստացման համար: Մենք չենք թալանելու երկիրը, չենք գողանալու, բայց ինքս միայնակ կամ կառավարության մի քանի անհատներով չենք կարող այդ հարցը լուծել, եթե դուք ձեր գյուղերում ինքներդ չեք բռնում գողացողների ձեռքը: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի»,- ընգդծել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Հաղարծինի 200-ամյակին նվիրված տոնակատարությանը: Վարչապետը շնորհավորել է հաղարծինցիներին համայնքի հոբելյանի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն նոր էջ կբացի Հաղարծինի կյանքում, ինչպես 2018 թվականն է նոր էջ բացել Հայաստանի կյանքում: «Նոր Հայաստանում միմյանց պետք է ընկալենք նորովի, հնարավորությունները պետք է ընկալենք նորովի, մեր ուժերին հավատանք նորովի, յուրաքանչյուր հաղթանակից հետո աշխատենք նոր հաղթանակների ուղղությամբ: Եկել է ժամանակը ցույց տալու, որ առանց անտառը հատելու կարելի է ավելի մեծ շահույթներ ստանալ: Կոչ եմ անում անջատել սղոցները և միացնել միտքը, ստեղծագորական գաղափարները և աշխատել նոր հնարավորություններից օգտվելու ուղղությամբ: Հաղարծինը պետք է դառնա նոր Հայաստանի առաջամարտիկներից մեկը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Հաղարծինում իրականացվելու է 140 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային նոր ծրագիր, որով կֆինանսավորվեն այն քաղաքացիները, որոնք մարզպետարան կներկայացնեն իրատեսական և նորարարական բիզնես ծրագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության և բնապահպանության ոլորտներում: Համայնքի ղեկավարին գործադիրի ղեկավարը կոչ է արել նաև կապ հաստատել արտերկրում գտնվող և հաջողությունների հասած հաղարծինցիների հետ և նրանց հրավիրել ներդրումներ կատարելու հայրենի գյուղում, ստեղծելու նոր աշխատատեղեր և ստանալու շահույթներ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին և վերջիններիս հետ քննարկել տարբեր ոլորտների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման, ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, տրանսպորտի ապահովման, Դիլիջան ազգային պարկի և բնապահպանական ոլորտի հետ կապված հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերելու այն համայնքներին, որոնք կներկայացնեն զբաղվածությունը խրախուսող ծրագրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել