Վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարին՝ խորհրդի կողմից իր փաստաբանական գործունեության արտոնագիրը դադարեցնելու վերաբերյալ.
«ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմի ղեկավար
Մանե Կարապետյանին
Ի պատասխան Ձեր 20.07.2018 թվականի թիվ 05/04/104 4-18 գրության, որը փոստային առաքման ծրարի վրա կատարված գրառման համաձայն ստացել եմ 23.07.2018 թվականին (ծրարի պատճենը կից ներկայացնում եմ).
Ձեր գրության մեջ նշել եք, որ «2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի մի շարք նորմերից բխում է, որ վարչապետի խորհրդականի պաշտոնը հանդիսանում է հանրային պաշտոն, որը զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար:»:
Ձեր գրության մեջ մատնանշած օրենքի մի շարք նորմերը չի կարող բխի, որ ես հանրային ծառայող եմ, քանի որ ես այդպիսին չեմ հանդիսանում:
Այսպես.
27.06.2018 թվականի ՀՀ վարչապետի թիվ 845 որոշմամբ ես նշանակվել եմ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի համաձայն. «Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը` անցել է հանրային ծառայության` պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.՚՚»
Վերը նշված հոդվածի առկա բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը անցել է հանրային ծառայության և նա հանդիսանում է պետական կամ համայնքային ծառայող:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։»:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձը համարվում է հանրային ծառայող»:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային»:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական»:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական և հայեցողական»:
Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից և դրանցում առկա բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հանրային ծառայողը` պետական կամ համայնքային պաշտոնատար անձն է: Այսինքն, եթե անձը չի համարվում պաշտոնատար անձ նա չի կարող հավարվել պետական կամ համայնքնային ծառայող, հետևաբար նաև գտնվել համայնքային ծառայության մեջ:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն. «Հանրապետության նախագահը և վարչապետը կարող են ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: (…) Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ (…) »:
Այսինքն, հասարակական հիմունքներով նշանակված խրհրդականն ի տարբերություն ոչ հասարակական հիմունքների խորհրդականի չի հանդիսանում պաշտոնատար անձ, հետևաբար նաև չի հանդիսանում պետական կամ համայնքնային ծառայող, հետևաբար նաև չի գտնվում համայնքային ծառայության մեջ:
«Հանրային ծառայության մասին» օրենքը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք վերաբերվում են հանրային ծառայողի երաշխիքներին, սոցիալական արտոնությունների, կարգավիճակին, որոնք որևէ կերպով չեն վերաբերվում հասարակական հիմունքներով խորհրդականին:
Չի կարող հասարակական հիմունքներով խորհրդականը համարվել համրային ծառայող և որևէ կերպ չօգտվել հանրային ծառայողին վերապահված երաշխիքներին և արտոնություններից, չկրել հանրային ծառայողին օրենքով վերապահված իրավունքներ և պարտականություններ:
Կարելի է ևս տասնյակ հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու ես չեմ հանդիսանում հանրային ծառայող, սակայն հույսով եմ, որ ներկայացված հիմնավորումները բավարար են այդպիսիք ընդունելու համար:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Նիկոլայ Բաղդասարյան
30.07.2018թ.
ք. Երևան»: