Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին

Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարություն արեց այն մասին, որ մեղադրանք է առաջադրվել մեկ  այլ հայտնի քաղաքական գործչի՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին:

Ս. Խաչատրյանը պատմեց, որ Արմեն Գևորգյանը և մեկ այլ անձ, ովքեր աշխատել են նախագահի աշխատակազմում, 2008 թվականին ճնշում են գործադրել սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի վրա՝ վերջինիս եղբոր միջոցով: Սահմանադրական դատարանում վիճարկվում էին 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

ՍԴ անդամի վրա ճնշումների մասին տեղեկությունները հայտնի են դարձել wikiLeaks-ի կողմից:

Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով սահմանված արարք կատարելու՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:

Մեղադրանքն ապացուցված համարվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում:

Սասուն Խաչատրյանը նշեց նաև, որ Արմեն Գևորգյանի հանդեպ միջնորդել են խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել