Պաշտպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 23-ի ստորագրած հայտնի և բազմիցս քննարկված 0038 հրամանը միայն այս տարվա հուլիսին է ներառվել «Մարտի 1»-ի քրեական գործում. այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ պատահական չէ, որ այն չի ներառվել գործում, քանի որ այն վկայում է, որ զինված ուժերը ներագրավված են եղել մարտի մեկի և դրան նախորդող օրերի դեպքերին:
Սասուն Խաչատրյանի խոսքով, մինչև հրամանի գաղտնազերծումը առհասարակ հերքվում էր, թե զինված ուժերը որևէ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին:
Սասուն Խաչատրյանը ընթերցեց որոշակի հատվածներ 0038 հրամանից, որում հրաման է տրվում բարձրաստիճան սպաներին ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ՝ 100-ական հոգի, յուրաքանչյուր դասակում 30-ական հոգի, և նրանց զինել հրաձգային զենքերով: Եվ հրամայվել է նաև այս ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն զինծառայողներով: