Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն է ներկայացրել Ազգային ժողովի 45 պատգամավոր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին կալանավորվեց։

Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ  խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ դատարան տարված բողոքի վարույթ ընդունելու մասին որոշումը կկայացվի երկուշաբթի օրը։ Դա կապված է առաջին ատյանի դատարանի՝ նյութերը վերաքննիչ դատարան ուղարկելուց։ Հովհաննես Խուդոյանն ասաց նաև, որ իր ունեցած վերջին տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն է ներկայացրել Ազգային ժողովի 45 պատգամավոր։

Իսկ այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նախօրեին ՀՔԾ պետի կողմից արված այն հայտարարության մասին, թե պաշտպանական կողմի հայտարարություններն անհիմն են՝ առաջադրված մեղադրանքի մասով, Հ. Խուդոյանն ասաց.

«Արված հայտարարությունների մասին ավելի մանրամասն և նեղ մասնագիտական կներկայացնենք առաջիկա օրերի ընթացքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել