Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 2-ին, տեղի ունեցավ Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով դատական նիստը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։
Դատական նիստին ներկա էին Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Արա Ղազարյանը և Կարեն Ղազարյանը։
Դատական նիստի ընթացքում դատախազ Կարեն Բիշարյանը հանդես եկավ ռեպլիկով։ Նա իր ռեպլիկում անդրադարձավ պաշտպանական կողմի ճառում արված պնդմանը, թե օպերատիվ հետախուզական միջոցառումները հետին ամսաթվով են կազմված եղել, և ասաց, որ դա ընդամենը սուբյեկտիվ ենթադրություն է և հավելեց, որ հաստատված ժամանակահատվածը ողջամիտ էր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու, միջնորդությունն ներկայացնելու, դրանք քննարկելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։
Պաշտպանական կողմի հաջորդ պնդմանը, թե ապացույց հանդիսացող տեսանյութը մոնտաժված է, դատախազ Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ օրենքում սահմանված է՝ ապացույցներում պետք է նշվեն օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները, այլ ոչ թե միջոցառման հանգամանքները։
Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Կարեն Ղազարյանը դիմելով դատարանին ասաց․ «Պարոն Բիշարյանն իր ռեպլիկներով մեր բերված փաստերին հակափաստարկներ չբերեց»։
Իր վերջին խոսքն ասաց նաև պաշտպան Արա Ղազարյանն․ «Կասկածը բավարար չէր, որպեսզի ԱԱԾ-ն ներխուժեր անձի անձնական տիրույթ»։
Մինչ դատավճռի հրապարակելը դատարանը հնարավորություն տվեց գործով ամբաստանյալներին իրենց վերջին խոսքն ասել։
Էլզա Զաքարյանն դատարանին խնդրեց իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ Իշխան Բարսեղյանն ասաց․ «Արդար դատե՛ք, չէ որ դուք էլ եք դատավոր»։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 6-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Մնոյան