ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի կարողանում լքել Հայաստանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ իրավական առումով Յ. Խաչատուրովը կարող է հեռանալ երկրից, սակայն քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ առանց վարույթն իրականացնող մարմնի այլ վայր մեկնելու դեպքում դատախազը իրավունք ունի դիմել դատարան՝որպեսզի գրավի գումարը պետականացվի:
«Առկա է իմ նշած բացասական հետևանքը: Այս հետևանքից խուսափելու համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Խաչատուրովը ամենօրյա պարտականություններ ունի կատարելու, երկուշաբթի դիմել էինք ՀՔԾ և խնդրել, որպեսզի թույլատրվի մեկնելը երկրից: Այս պահի դրությամբ մեր աշխատանքները սպասում են, իսկ մենք թույլատրություն չունենք: Մենք չենք լքում ՀՀ-ն՝ անտեղի շահարկումներից խուսափելու համար: Մենք օրենքով նախատեսվածից ավելին ենք արել՝ թույլտվություն ստանալու վերաբերյալ, բայց մինչև այսօր որևէ արձագանք չկա»,- նշեց Միհան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: