Պավել Մանուկյանի հայտարարությունից հետո «Սասնա ծռերի» գործով հանրային պաշտպանները փոխվել են

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի ունեցավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և Արեգ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը։

Նիստը նախագահում էր դատավոր Մեսրոպ Մակյանը։

Դատական նիստին ներկա չէր Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդում կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, որը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, այլ Էդվարդ Գրիգորյանը։ Պ․ Մանուկյանը նաև ասել էր, որ բանկոմատը  բացել է Մխիթար Ավետիսյանը։

Դատական նիստի ժամանակ դատարանը հայտնեց, որ Պավլիկ Մանուկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ դատարանը ստացել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից կայացրած որոշումները՝ նշված անձանց համար նոր  հանրային պաշտպաններ ներգրավելու կապակցությամբ, քանի որ Պավել Մանուկյանի հայտարարության հետ կապված ամբաստանյալների շահերը հակասում են միմյանց:

Այսպիսով, դատարանի որոշմամբ, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Արեգ Կյուրեղյանի և Էդվարդ Գրիգորյանի պաշտպանությունը հանձնվել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անի Գրիգորյանին։

Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպանությունը հանձնվել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Դիանա Ղազարյանին։

«Նման պայմաններում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը, ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքով, ինչպես նաև հանրային պաշտպանի մասին կանոնակարգով, համապատասխան որոշումներ է կայացրել նախկինում մասնակցող հանրային պաշտպանների լիազորությունները դադարեցնելու և նոր հանրային պաշտպաններ նշանակելու մասին։

Մանուկյանի հնչեցրած հայտարարությունն արդեն իսկ հակասություններ է առաջացնում գործով անցնող անձանց՝ մասնավորապես Մանուկյանի և Էդվարդ Գրիգորյանի, Մանուկյանի և Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և Մխիթար Ավետիսյանի շահերի միջև»,- ասաց Մ․ Մակյանը։

Դատարանը լսեց նաև կողմերի կարծիքները։

Ամբաստանյալ Արմեն Բիլյանը նշեց, որ չի ցանկանում, որ պաշպանը փոխվի․

 «Նախ, ես դեմ եմ հանրային պաշտպաններին, քանի որ ես ունեմ պաշտպան։ Չեմ հասկանում հանրային պաշտպաններին փոխելու իմաստը, ուզում եմ, որ Ֆանյանը մնա որպես իմ պաշտպան»,- ասաց Ա․ Բիլյանը։

«Նախ կողմերին հիշեցնեմ, որ դատարանը հանրային պաշտպաններին ներգրավվել է համապատասխան որոշմամբ, որը պատճառաբանված է մանրամասնորեն, հետևաբար, հանրային պաշտպանների ներկայությունը նույնպես  գտնում է սույն գործով անհրաժեշտ և հիմնավոր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վստահորդի կամ պաշպանյալի շահերը հակասում են իրար, դատարանը որոշում է կայացնում նախկինում ներգրավված հանրային պաշտպաններին հեռացնել գործով վարույթի սահմանված կարգով, և ազատել սույն գործով քննությանը մասնակցելու պարտականությունից»,- հայտնեց դատավոր Մակյանը։

Այս փուլում դատարանը խնդիր ունի նաև վճարովի պաշտպանություն իրականացնող Ինեսսա Պետրոսյանի մասնակցության հետ կապված, որը նախկինում ներկայացրել է Պավել Մանուկյանի, Մխիթար Ավետիսյանի և Արմեն Բիլյանի շահերը։

Պավել Մանուկյանի հայտարարության հետ կապված՝ նրա պաշտպանյալների միջև հակասություններ են առաջացել և նա չի կարող միաժանակ 3-ի ներկայացուցչությունը դատարանում իրականացնել:

Սակայն Ինեսսա Պետրոսյանը չի ներկայացել դատարան, հնարավոր չի եղել նաև նրա հետ կապ հաստատել՝ քննարկելու համար, թե նա ամբաստանյալներից ում պաշտպանությունն է ստանձնելու։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 8-ին:

Շուշան Ստեփանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել