Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալավորումը փոխելու վերաբերյալ առաջին ատյանի դեմ բողոքն արդեն ներկայացվել է վերաքննիչ դատարան: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Ռ. Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺ պատգամավորները միանում են անձնական երաշխավորագրեր ներկայացնելու գործընթացին՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:
Նա հայտնեց նաև, որ բացի այսօրվանից, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին իսկ օրից ամեն օր այցելել է նրան, նա հատուկ պայմաններում չի պահվում, սակայն խցում մենակ մնալու նրա խնդրանքը բավարարվել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից: Թեև նրա և քրեակատարողան հիմնարկում պահվող մյուս անձանց պայմանները նույնն են:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին երեկ՝ հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: