Ապօրինի հարստացման համար մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ վերաքննիչ դատարանը մասնակի է բավարարել իրենց բողոքը:
«Մենք շուտով հայտարարությամբ հանդես կգանք՝ այդ գրավի չափի վերաբերյալ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
27.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
28.06.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել էր:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,
քանի դեռնրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: