Գաղտնի է պահվում, թե որ պաշտոնյաների վերաբերյալ ինչ որոշումներ են ընդունվել էթիկայի հանձնաժողովի կողմից

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը իր գործունեության 8 տարիների ընթացքում այդպես էլ կոռուպցիոն որևէ բացահայտման կենտրոնում չհայտնվեց: Եվ ոչ թե աղաղակող, այլ նույնիսկ համեստ կոռուպցիոն ռիսկերի բացահայտումներ չգրանցվեցին, չբացահայտվեց ապօրինի հարստացման գեթ մեկ դեպք, երբ լրատվամիջոցները տարիներ շարունակ պաշտոնյաների գույքի ու եկամուտների բավականին զիլ վերլուծություններ էին ներկայացնում, որոնք նույնիսկ քրեական գործեր հարուցելու հիմք կարող էին լինել:

Գործունեության ողջ ընթացքում այս հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ընդամենը 13 որոշում, սակայն պարզվում է, որ բացի հրապարակվածներից, հանձնաժողովը նաև այլ որոշումներ է ընդունել:

Օրինակ,  Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան էթիկայի հանձնաժողովից պատասխանել են, թե  2016 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով կողմից հարուցվել է 79 վարույթ:

«Վարույթներից 5-ը հարուցվել են լրատվամիջոցների՝ Հանձնաժողովի իրավասությանն առնչվող ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումներում (այդ թվում՝ «Իրավաբան.նեթ» լրատվական կայքի հրապարակման հիման վրա  ներկայացված հանգամանքների ստուգման արդյունքներով, 1-ը՝ դիմումի հիման վրա, 73-ը՝ Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների (վերլուծությունների) հիման վրա: Հանձնաժողովի իրավասությանն առնչվող ենթադրյալ խախտումների վերաբերյալ 3 դիմումներ գտնվում են ուսումնասիրության փուլում: Միաժամանակ, հայտնուամ ենք, որ նշված ժամանակահատվածում Հանձնաժողովն իր իրավասության ներքո գտնվող հարցերի առչնությամբ կայացրել է խախտում արձանագրող 71 որոշում, վարույթը կարճելու վերաբերյալ 7 որոշում, հարցի քննությունը դադարեցնելու վերաբերյալ 1 որոշում, իսկ 19 դեպքում վարույթ հարուցելու հիմքեր առկա չեն եղել»:

Այսինքն, ըստ այս պատասխանի, միայն հիշյալ ժամանակահատվածում կայացված որոշումների թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական կայքում հրապարկված որոշումների թվին:

Էթիկայի հանձնաժողովը թաքցնում է իր ընդունած որոշումները և խուսափում ներկայացնել իրավական հիմքեր

Մեր այն հարցին ի պատասխան, թե ինչու որոշումները չեն հրապարակվում պաշտոնական կայքում, հանձնաժողովից պատասխանել են. «Պաշտոնատար անձանց վերաբերյալ՝ Ձեր հարցման մեջ հիշատակված տվյալների հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ Հանձնաժողովը օրենքով կրում է անձնական տվյալների պաշտպանության պարտականություն: Հանձնաժողովի որոշումներում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը թույլատրելի է միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում»:

Կրկնակի հարցում ուղարկեցինք էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով հայտնել, թե էթիկայի հանձնաժողովը ո՞ր օրենքի, ո՞ր դրույթի համաձայն է կրում անձնական տվյալների պաշտպանության պարտականություն,  ո՞ր օրենքի, ո՞ր դրույթի համաձայն չի տրամադրում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները: Եվ ստացանք այսպիսի պատասխան.

«Ի պատասխան սույն թվականի մայիսի 22-ի Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են, իսկ հարցումը՝ տեղեկություն ստանալու նպատակով հիշյալ օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված դիմում: Տվյալ դեպքում Ձեր կողմից հայցվում է իրավաբանական խորհրդատվություն»:

Այս պատասխանը ոչ միայն որևէ առնչություն չունի մեր կողմից ուղղված հարցերի հետ, այլև տարակուսանքի տեղիք է տալիս. փաստորեն երբ պետբյուջեի հաշվին գոյատևող հիմնարկին խնդրում ես մատնանշել իրավական հիմքերը, թե ինչու այս կամ այն տեղեկությունը հասանելի չի դարձնում հանրությանը, դա դիտարկվում է որպես իրավական խորհրդատվություն ստանալու դիմում:

Այնինչ, իրենց իսկ կողմից մատնանշված «Տեղեկատվության ազատության մասին» մասին օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում նշվում է. «Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»։

Այսինքն, իրականում կրկնակի հարցմամբ մենք նրբանկատորեն հայտնել էինք՝ նրանց կողմից տեղեկություն ստանալու հարցմանը ոչ պատշաճ պատասխանելու մասին:

Էթիկայի հանձնաժողովի ընտրողաբար մոտեցումը

Ինչևէ, նույնիսկ եթե օրենքից ելնելով է հանձնաժողովը պաշտպանում այս կամ այն անձի տվյալները, ապա դա անում է ընտրողաբար: Օրինակ, 2016-ի մարտի 17-ին հրապարակվել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից էթիկայի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ հարցի քննությունը դադարեցնելու մասին որոշումը: 

Անհայտ է, թե ինչու է այս որոշումը հրապարակվել, իսկ մյուս որոշումները՝ ոչ:

 «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի մասին է: Որն, ի դեպ, ընդունվել է 2015 թվականի մայիսի 18-ին, իսկ ուժի մեջ է մտել 2015-ի հուլիսի 1-ից: Այսինքն, այս պահից ի վեր, թերևս  չպետք է որևէ որոշում հրապարակվեր, սակայն հրապարակվել է, օրինակ, Արտակ Շաբոյանի մասին որոշումը:

Մյուս կողմից, հասկանալու համար, թե արդյոք էթիկայի հանձնաժողովի որոշումների հրապարակումը արգելելու վերաբերյալ դրույթներ կան, թե ոչ, պաշտոնական պարզաբանում էինք խնդրել անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից, և պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանից ստացված պատասխանում նշվում է.

«Նույն օրենքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն)»: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, որը սահմանում է, թե ովքեր են հայտարարատու պաշտոնատար անձինք (հոդված 32), ինչպես նաև սահմանում է հայտարարագրերի հրապարակման կանոնները (հոդված 37): Հետեւաբար, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի իմաստով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի այն տեղեկությունները, որոնք նույն օրենքով ենթակա են հրապարակման, համարվում են հանրամատչելի տեղեկություններ»:

Ինչպես հայտնի է, պաշտոնատար անձանց հայտարարագրերի հրապարակման դեպքում որոշ տողերում լրացված տեղեկությունները պաշտպանված են՝ փակ են երրորդ անձանց համար: Հետևաբար, Էթիկայի հանձնաժողովը կարող է իր որոշումների հրապարկման դեպքում էլ որոշ տողեր փակել, սակայն նախընտրում է տեղեկությունն առհասարակ կողպելը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից ստացված պարզաբանման մեջ նշվում է նաև, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքն ինքնին
չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումը, չի սահմանում պետական մարմնի կողմից անձնական տվյալներ տրամադրելու կամ դրա տրամադումը մերժելու կարգը եւ պայմանները:

«Վերոգրյալից հետևում է, որ որոշակի հարաբերությունները կամ կոնկրետ մարմնի գործունեությունը կարագավորող օրենքներով կարող են ուղղակորեն սահմանվել այս կամ այն անձնական տվյալի փոխանցման թույլտվություն կամ արգելք: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ պետական մարմինները «Տեղեկատվության ազատության մասին»  օրենքի իմաստով տեղեկություն տնօրինողներն են: Այսինքն, տվյալների փոխանցման կամ փոխանցումը մերժելու իրավաչափությունը պետք է դիտարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և այդ տվյալները մշակողի գործունեությունը կարգավորող հատուկ օրենքների պահանջները համադրելու միջոցով»,- նշում է Գևորգ Հայրապետյանը:

Սակայն, «Հանրային ծառայության մասին» օրենքը, որով կարգավորվում է էթիկայի հանձնաժողովի գործունեությունը, չի սահմանում որևէ դրույթ, որով Էթիկայի հանձնաժողովը կարող է հրաժարվել լրատվամիջոցին տրամադրել իր կողմից ընդունված այս կամ այն որոշումը:

Էթիկայի հանձնաժողովը խուսափում է ներկայացնել իր կատարած աշխատանքը

Միևնույն ժամանակ «Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասում նշվում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները»: 

Այսինքն, էթիկայի հանձնաժողովը պետք է այս տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում արդեն իսկ հրապարակեր, թե շահերի բախման ինչ դեպքեր է բացահայտել: Եվ էթիկայի հանձնաժողովին դեռևս ապրիլի 4-ին հարցում ենք ուղարկել, որով խնդրել ենք տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք իրենց աշխատանքի մասին տեղեկություն հրապարակել են լրատավամիջոցներով և որ լրատվամիջոցներով են հրապարակել: Այս հարցմանը պատասխանել էին, թե լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունից ելնելով հայցվող տեղեկատվությունը կտրամադրվի մինչև սույն թվականի մայիսի 4-ը: Սակայն հարցմանը պատասխանել են միայն մայիսի 25-ին՝ խախտելով օրենքով սահմանված բոլոր ժամկետները:

Այս պատասխանում էլ հղում են արել իրենց կայքում ապրիլի 20-ին տեղադրված «Հանձնաժողովի՝ 2017թ. և 2018թ. գործունեության արդյունքները» հրապարակումը, որում նույնպես ընդունված որոշումների բովանդակության կամ դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չկան: Ի դեպ, այս հրապարակումը եղել է մեր հարցումից հետո:

Հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում այս հիմնարկին խոսել իր իսկ կատարած աշխատանքի բովանդակային մասի վերաբերյալ, եթե աշխատանք իսկապես կատարվել է և կատարվել է պատշաճ:

Իսկ ինչ վերաբերում է իրենց աշխատանքների մասին մամուլին հայտնելու մասին, նշել են. «Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման հարցով 2017 թվականի հոկտեմբեր – 2018 թվականի մարտ ամիսներին իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացվելու են սույն թվականի հունիսի 5-ին»:

Հակակոռուպցիոն պայքարի նոր մարմինը

Շուտով նախատեսվում է  ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի նոր անկախ մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլի 10-ից:

Հանձնաժողովը կազմված է լինելու է 5 անդամից:  Այս անդամների պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորելու է մրցութային խորհուրդ, որն անցկացնելու է հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթները, և հաղթող ճանաչված թեկնածուներին ներկայացնելու է Ազգային ժողովին, որն էլ նշանակելու է նրանց 6 տարի ժամկետով:

Այս մարմնին է վերապահված լինելու նաև գույքի և եկամուտների հայտարարագրերի ռեեստրի վարումը, այդ հայտարարագրերի վերլուծությունները, շահերի բախման և կոռուպցիոն դեպքերի բացահայտումը:

Եվ մնում է միայն հուսալ, որ այս մարմնում կընտրվեն և կնշանկվեն կոռուպցիայի դեմ պայքարի իրական կամք ու փորձառություն ունեցող անձիք և այն հերթական էթիկայի հանձնաժողովը չի լինի:

Լուսանկարում՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն է

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել