Վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում: Այս մասին սահմանում է «Պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման մասին» օրենքի 6.1 հոդվածը:
Պետական պահպանությունն ապահովվում է հետևյալ միջոցառումների իրականացմամբ.
1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.
2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.
3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն և պահպանական միջոցառումների իրականացում.
4) պահպանվող օբյեկտներում՝ սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովում։
Պետական պահպանություն տրամադրվում է նաև վարչապետի՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին՝ իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից:
Պաշտոնապես հրապարակում չկա, թե ո՞ր օրենքի ուժով է նրան, որպես վարչապետի թեկնածու տրվել պետական պահպանությունը, քանի որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուն չէ: Փաշինյանը միայն խորհրդարանական 1/3-ի թեկնածուն է, ոչ խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ի:
Պետական պահպանություն կարող է տրամադրվել նաև պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Հավանական է` այս օրենքի ուժով, սակայն այդ մասին մենք չենք իմանա, որովհետև վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:
Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին:
Նշենք, որ պետական պահպանություն այժմ տրամադրված է ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ նրա ընտանիքի անդամներին:
Լուսանկարը՝ «Ազատություն» Ռ/Կ-ի
Եվգենյա համբարձումյան