Ապրիլի 5-ին կառավարությունը որոշում կընդունի ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնել։ Այս որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 27524/09 գանգատ) 2017 թվականի նոյեմբերի 16-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 12 հազար եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա․ Մովսիսյանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի ապրիլի 22-ին դատարան ներկայացված գանգատի հիման վրա: Դիմումատուն պնդել է, որ ՀՀ իշխանության մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել իր դստեր (ծնված` 1985 թ-ին) մահվան առնչությամբ, ով մահացել է 2007 թ-ին։
Ըստ գործի նկարագրության 2007 թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 22։00-ին Մովսեսյանի աղջիկը՝ Կ.Մ.-ն, որն այդ ժամանակ գտնվել է հղիության վաղ փուլում, իր ծնողների և ամուսնու հետ տանը եղած ժամանակ կորցրել է գիտակցությունը և սկսել է ցնցվել։ Կանչվել է շտապօգնություն, որը ժամանել է 40-45 րոպե անց։
Ժամանելուց հետո շտապօգնության բժիշկը՝ Ա.Գ.-ն, Կ.Մ.-ին հայտնաբերել է գրեթե անգիտակից վիճակում՝ շնչառության խանգարմամբ և արյան ցածր ճնշմամբ։ Ըստ դիմումատուի՝ այդ պահին բժշկին ասվել է, որ Կ.Մ.-ն հղի է: Ա.Գ.-ն ախտորոշել է ցնցումային համախտանիշ, Կ.Մ.-ին երկու ներարկում է
արել՝ մեկը ռելանիումի, մյուսը՝ մագնեզիումի, և տեղափոխել նրան հիվանդանոց:
Ըստ երևույթին, ո՛չ շտապօգնության բժիշկը, ո՛չ բուժքույրը և ո՛չ էլ վարորդը չեն օգնել ընտանիքի անդամներին Կ.Մ.-ին շենքի ութերորդ հարկից իջեցնել և նրան շտապօգնության մեքենայի մեջ դնել: Ավելին, չնայած Կ.Մ.-ն ներարկումներից հետո գիտակցության չի եկել, Ա.Գ.-ն նախընտրել է հիվանդանոց տանող ճանապարհին չնստել նրա կողքին և փոխարենը նստել է վարորդի խցիկում՝ վարորդի կողքին:
Նույն օրը Ա.Գ.-ն և բուժքույրը կազմել են շտապօգնության այցի վերաբերյալ արձանագրություն՝ նշելով, որ իրենք ժամանել են շտապօգնության կանչից հետո յոթ րոպե անց եւ կատարել են միայն մեկ՝ ռելանիումի ներարկում:
2007 թվականի սեպտեմբերի 14-ին Կ.Մ.-ն հիվանդանոցում մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի փետրվարի 16-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի մայիսի 16-ն է:
Ալիսա Չիլինգարյան