ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության է դրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանվել են պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների, ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը: Բացի այդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցած զինծառայողների իրավունքը՝ զինվորական ծառայության ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս ստանալու ՀՀ կառավարության կողմից սահմանված չափով պատվովճար:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու նոր տեսակով օրենսդրական կարգավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հռչակած «Ես եմ» ծրագիրը, որը նախատեսում է որոշակի պայմաններով և լրացուցիչ երաշխիքներով երեք տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն: 2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որոնց հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ, ինչն ընդունելի չէ, հաշվի առնելով դրամական ապահովության չափերը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կատարողական ակտերը տրվել են վարկային պարտավորությունների շրջանակներում հիմնականում որպես երաշխավոր հանդես եկած զինծառայողների մասով: Արդյունքում նշված հանգամանքը կարող է իրական խոչընդոտ դառնալ նոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության կայացման համար, ինչպես նաև փաստացի հանգեցնել ծրագրի շրջանակներում զինծառայողների հետ կնքված պայմանագրերի չկատարման:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ»,-նշվում է հիմնավորման մեջ: