Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։
-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-Անցնող տարին սովորական տարի էր, հիմնականում ընթացիկ գործեր էին և ավելի շատ սպասողական վիճակ գրեթե բոլորի մոտ՝ 2018-ի քաղաքական նոր փուլի և նոր վերադասավորումների պահով: Ձեռքբերումներ և բացթողումներ ամեն ոլորտում էլ կգտնվեն, անդառնալի կորուստների մասին է պետք մտածել, իսկ մնացածը հնարավոր է շարունակել, փոփոխել և լրացնել հաջորդ տարիներին, ժամանակը կանգ չի առնում…
–Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Մեր հայրենակից Գարո Փայլանը, ով ողջ տարվա ընթացքում սառը ցնցուղը վայր չդրեց:
–Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտերի):
-Բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունն էր հետաքրքիր, նրա ազգային և քաղաքացիական պատկանելիությունը, դատավարական ֆարսը և Ադրբեջանի հանդեպ այլ պետությունների կողմից մեզ համար ցուցիչ հանդիսացող վերաբերմունքը: Արդյուքնում պարզ չդարձավ խոսքի ազատությունը ետնահանջ ապրեց, մարդու իրավունքներն առավել ոտնահարվեցին, թե Արցախի մասին շատերն իմացան:
–Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց Ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
– Վաղուց դադարել եմ զարմանալ, առավել ևս դժվար ինձ զարմացնեն իրավական ակտերը կամ դատավճիռները: Դրանք կարող են լինել վիճելի, թերի, անտեղին, բայց` երբեք ոչ զարմանալի:
–Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ Պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Երեխաները կստանային ոչ թե իրենց խնդրած և երազած նվերները, այլ՝ տեսակավորված, ըստ անհարժեշտության և առաջնահերթության, թեև պիտանի, բայց գուցե անհետաքրքիր նվերներ: Կարծում եմ իրավաբան Ձմեռ Պապը կխաթարեր մանկական հեքիաթը, անմիջապես թոշակի կուղարկեի ։) ։
–Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ընտանիքիս հետ, բոլոր հայ ընտանքիների նման: Տոնական տրամադրությամբ, Նորի ակնկալիքով…
–Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
– Սիրում եմ մտերիմներիս զարմացնել խոհարարական արվեստի նոր ամրոցների գրավմամբ ( ժպտում է), աշխատում եմ ամեն անգամ առավել հետաքրքիր ու համեղ բան պատրաստել՝ խառնելով տարբեր ազգերի խոնահնոցներն ու ավելացնելով իմ ձեռագիրը:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
-Ակնկալել ոչինչ պետք չէ, ընդամենը պետք է սահմանել նպատակ և աշխատանքի, համառության շնորհիվ հասնել դրան:
–Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
-Երեխաներին հատուկ այսօր մի տեմպ, շտապողականություն կա ու դրանից ծնվող անհամբերություն: Մինչև Ձմեռ Պապիկի նամակի տեղ հասնելը երեխաները չեն կարողանում սպասել նվերին: Որդիս՝ Ալեքսանդրն էլ է այդպես վարվում, նամակի բովանդակությունը պատմում է և առաջարկում մինչև Ձմեռ Պապի այցը, նվերը ես գնեմ: Այս տարի հեռախոս է ուզել, կարծում եմ կստացվի ձգել նրա լավ իմաստով անհագիստ սպասողական վիճակը մինչ նվերների հանձնման ժամը…