Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագրին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հանդիպեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ։
Հայաստանի վեց մարզից 15 ՔՀԿ ներկայացուցիչները բուհական հավաստագրային ծրագրի առաջին մասնակիցներին են։ Եվ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները կազմակերպվող դասընթացների առավելությունների ու խնդիրների մասին։
ՀԿ նեկայացուցիչները նշեցին, որ երբևիցե մասնակցած տարբեր դասընթացներից սա արմատապես տարբերվում է և նոր մոտեցմամբ են ներկայացվում թեմաները։ Նոր ձևաչափով կազմակերպված դասապրոցեսի տեղի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ընտրությունը ևս դրական գնահատական ստացավ։ Մասնակիցներն ընդգծեցին, որ իրենց նորից ուսանող են զգում՝ երիտասարդների շրջանում են, ինչը դրական ազդեցություն է թողնում դասապրոցեսին ընդգրկվելու համար։
Նրանք նաև առաջարկեցին դասընթացներում ավելի շատ խաղեր ու ինֆոգրաֆիկաներ ներառել։
Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նշեց, որ բոլոր առաջարկություններն ու դիտարկումները կքննարկվեն և դրանց համապատասխան լուծում կտրվեն։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: