Մրգերի և բանջարեղենի ներմուծման դեպքում մինչև 50կգ-ը չի մաքսազերծվում

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ թյուր մեկնաբանություններ են տարածել հանրապետություն մրգեր և բանջարեղեն ներմուծելու կարգի վերաբերյալ, հետևաբար Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ, ՀՀ կառավարության  2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բանջարեղենի և մրգերի 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման:

Սակայն, միաժամանակ, հիշեցնում ենք, որ, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչև 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության և դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղևորային հայտարարագիր: Հետևաբար ՊԵԿ աշխատակիցների գործառույթները սահմանափակվում են բուսասանիտարական հավաստագրի առկայության մեջ հավաստիանալով, և տրամաբանական չէ կոմիտեին  վերագրել գործառույթներ,  որոնց հետ նա առնչություն չունի:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել