Ես իմ ուսանողներին հորդորում եմ ինձ կոչումով չդիմել, այլ ՝ ազգանունով, որպեսզի աստիճանական առումով ինձնից ցածր կամ բարձր լինելու զգացում չառաջանա․ Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ոստիկանության փոխգնդապետ Արմինե Մելիքսեթյանը։ Ոստիկանական ակադեմիայի դասախոս, երեք երեխայի մայր տիկին Մելիքսեթյանի հետ զրուցել ենք «Ոստիկան հայուհիներ» շարքի շրջանակներում:
–Հայտնի է ՝ առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս Ուելսը 1910թ–ին: Նա բազում քննադատություների է արժանացել ընտրած մասնագիտության պատճառով, բայց անխոնջ կատարել է իր ծառայությունը: Դուք ինչպե ՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը:
– Ես սերված եմ մանկավարժի ընտանիքից, մայրս, հայրս, քույրս անգամ մանկավարժներ են, ընդ որում բնագիտական առարկաներ են դասավանդում։ Ենթադրվում էր, որ ես էլ պիտի դառնայի ուսուցչուհի: Ես դեռ որոնումների փուլում էի, երբ բեկումնային մի դեպք տեղի ունեցավ. 10-րդ դասարանում էի սովորում, մի օր հայրիկիս ընկերը իր դստեր հետ մեր տուն եկավ: Աղջիկը ցանկանում էր ընդունվել ոստիկանական ակադեմիա, ինձ շատ հրապուրեց նրա որոշումը: Ահա այդ ազդեցությամբ էլ ընտրեցի այս մասնագիտությունը: Բայց նաև չդավաճանեցի ընտանեկան ավանդույթներին և ի վերջո դարձա դասախոս: Ընդհանուր առմամբ, որոշումը միանգամից է եղել, ինչի համար հիմա չեմ զղջում: Ի դեպ, ամուսնուս ծնողները նույնպես մանկավարժներ են, իսկ նա՝ ոստիկան: Հետաքրքիր զուգադիպություն է ստացվել:
-Այնուամենայնիվ, ոստիկանական համակարգում եք, որտեղ աշխատանքը և ռիսկային է, և խրթին: Ինչպիսի ՞ դժվարությունների եք բախվել:
– Անկեղծ ասած, մեր ընտանիքի որևէ անդամ չի ընդդիմացել իմ որոշմանը, նրանք շատ ազատամիտ էին, ընդհակառակը՝ քաջալերել են: Այսինքն, մասնագիտության ընտրության հարցում որևէ խնդիր չեն առաջացրել: Սակայն սովորելու առաջին իսկ պահից ես ինքս անընդհատ ցանկանում էի դուրս գալ․ ընտանիքում ազատ էի, իսկ դրանից հետո անմիջապես խիստ կարգ ու կանոնը դժվար էր: Իմ ուսումնառության 5 տարին բավական բարդ է եղել՝ լեցուն հոգսերով, հիասթափություններով, բայց հետագայում զգացի, որ այդ դժվարությունները անհրաժեշտ էին հետագայում հմուտ լինելու, ճիշտ կողմնորոշվելու համար. ասես կյանքի դպրոց լիներ: Դժվարություններ հիմա էլ կան, բայց բոլորն էլ հաղթահարելի են:
–Տոլստոյն ասում էր՝ այն կինը, որը ջանում է նմանվել տղամարդու, նույնքան տգեղ է, որքան կանացի տղամարդը: Նման միջավայրում աշխատելը չի՞ ստիպում Ձեզ կորցնել Ձեր կանացիությունը:
– Իհարկե, կան որոշակի արգելքներ, օրինակ, վարսերը բաց չթողնելը, գույնզգույն կոշիկներ չկրելը, բայց, չեմ կարծում, որ այս զիջումներով կանացիությունը կորցնում ես: Ես ամենևին չեմ նմանվել տղամարդու, թեև այս ոլորտում եմ արդեն 19 տարի: Ես, պարզապես, ենթարկվում եմ որոշակի կանոնների, որոնք ընդունելի են: Օրինակ, մինչև հիմա ոստիկանական տաբատ չեմ կրում, փոխարենը նախընտրում եմ կարճ շրջազգեստը: Ընդհանուր առմամբ, գոնե ես փոփոխություններ չեմ նկատել իմ քայլվածքի, շարժուձևի կամ կենցաղավարության մեջ:
– Հաճախ ոստիկանների անձնական կյանքը ետին պլան է մղվում: Սակայն Ձեր պարագայում պատկերն այլ է. Դուք ամուսնացած եք, երեք երեխայի մայր: Ո՞րն է ամեն ինչ հասցնելու և հաջողելու Ձեր գաղտնիքը:
–Քանի որ ամուսինս իմ համակուրսեցին էր, առաջին օրվանից, Աստծո կամոք կամ երջանիկ պատահականությամբ, մենք հանդիպեցինք: Նա ինձ շատ է հասկանում և օգնում: Իհարկե, ես հասցնում եմ ամեն ինչ, քանզի որդեգրել եմ հետևյալ սկզբունքը՝ ընտանիքը չպիտի տուժի այն արդարացման հիմքով, որ աշխատում եմ, և ծառայությունը չպիտի տուժի, ինչ է թե բազմազավակ մայր եմ: Ես անհարկի երբեք չեմ թողել աշխատանքս, բայց լուսանցքից դուրս չեմ թողնում նաև ընտանիքս: Հաճախ ինչ–որ բաներ հասցնում եմ քնիս, առողջությանս, այլ կենցաղային գործերի հաշվին, բայց ոչ ընտանիքի կամ աշխատանքի:
Իհարկե, ես կցանկանայի, որ մենք ունենայինք գոնե 1 ազատ օր, որպեսզի լրիվ տրամադրեինք մեր ընտանիքներին: Կանանց պարագայում առավել ևս. ծնողական ժողով է, հանդես է, միջոցառում է, ցանկանում ես գնալ, բայց չես կարող անընդհատ խնդրել: Կուզենայի դա կանոնակարգված լիներ:
Օրինակ, մի դեպք պատմեմ․ աղջկաս հանդեսն էր, ողջ օրը խնդրում էր, որ գնայի։ Ի պատասխան, ավագ որդիս՝ Արթուրը, քրոջն ասաց՝, Քնարիկ ջան, կտեսնես չի գա: Նա էլ իր ժամանակին բախվել էր այդ խնդրին: Ահա սա հաճելի չէ, կցանկանայի շտկվեր:
–Հասցրի ՞ք, այնուամենայնիվ, ներկա լինել հանդես։
– Ես, իհարկե, չհասցրի՝ չնայած վստահ եմ, որ եթե դիմեի ղեկավարությանը, կընդառաջեին, ըմբռնումով կմոտենային։ Բայց դու քեզ թույլ չես տալիս անընդհատ շահարկել քո երեխա ունենալու հանգամանքը: Դա թողնում ես բացառիկ, պահեստային դեպքերի:
–Ասացիք՝ ըմբռնումով կմոտենային, իսկ արդյոք համակարգում կա՞ որոշակի հանդուրժողականություն դեպի կին ոստիկանը:
– Կարծում եմ, պետք է լինի: Ոչ թե այն առումով, որ նրանք պարտավոր են, իրավականորեն չկա նման պարտավորություն, այլ զուտ այն, որ իրենք ևս ունեն կին, երեխա և պիտի լավ հասկանան նման իրավիճակները:
Իմ հանդեպ հանդուրժողական են։ Այլ հարց է, թե դու քո ղեկավարության բարությունը չարաշահում ես, թե՝ ոչ։
–Ինչպիսի՞ն է տիկին Մելիքսեթյանը առանց համազգեստի:
–Ընտանիքում ևս ես ունեմ բարձր պատասխանատվության զգացում, երեխաների կրթության, դաստիարականության հարցում, դասապատրաստման պրոցեսում նույն խստապահանջ վերաբերմունքը կա: Առանց համազգեստի, թե համազգեստով, բնավորությանս հատկանիշները չեն փոխվում ՝ կարգապահ, հետևողական: Հստակ կարող եմ ասել՝ ոչինչ չի փոխվում:
– Երեխաները, թեև փոքր են, մասնագիտության հարցում կողմնորոշվե՞լ են, արդյո՞ք ցանկանում են Ձեր գործը շարունակել:
– Ես միշտ դեմ եմ եղել, որ նրանցից որևէ մեկը ոստիկան դառնա, քանի որ ամուսնուս և իմ օրինակով տեսնում եմ տղամարդ, կին ոստիկանի կյանքը: Ունեմ 2 տղա,, մեկ աղջիկ: Տղաս դեռ առաջին դասարան էր, մի շարադրություն էր գրել, թե ցանկանում է ոստիկան դառնալ: Նա հոր օրինակով ցանկանում է ոստիկան դառնալ:
–Դժվարություննե՞րն են պատճառը:
– Այո, լրիվ իրավացի եք։ Մենք, երբ սովորում էինք, չունեինք ուսանողական կյանք, տարբեր հետաքրքրություններ, այլ միայն ծառայություն, տուն, գիշերը հերթապահություն, շատ էինք հոգնում: Չեմ ցանկանա նրան էլ տեսնել այդ կարգավիճակում: Բայց դե եթե ընտրությունը հստակ լինի, երևի կխրախուսեմ, կամ գուցե պարզապես կլռեմ։
–Ի՞նչ խնդիրներ կան մեր ոստիկանական համակարգում, ինչո՞վ է պայմանավորված հասարակության մի տեսակ թերահավատությունը դեպի ոստիկանը:
–Գուցե փոքր-ինչ վերացական հնչի, բայց ոստիկանությունը պաշտպանության կարիք ունի: Որպես կառույց իր վրա դրված պարտականությունները ավելի շատ են, քան լիազորությունները:
Ոստիկանությունը միշտ էլ լավ է կատարել իր պարտականությունները, և վստահությունը աստիճանաբար է ձեռք բերել: Գուցե հասարակության իրավագիտակցության խնդիր կա։ Օրինակ, եթե ոստիկանը միջամտում է, սահմանափակում է որևէ անձի իրավունքը, մարդիկ կարող են չհասկանալ, որ դրանով նա մեկ այլ անձի իրավունք է պաշտպանում:
–Ինչպիսի՞ն պիտի լինի իրական ոստիկանի կերպարը:
–Ես իմ ուսանողներին մայրական խրատի կարգով միշտ հորդորում եմ՝ առաջին հերթին եղեք լավ մարդ, հետո լավ ոստիկան, քանզի մեկը առանց մյուսի չի լինում: Կապ չունի դու ուսուցչուհի ես, բժիշկ, մաքրուհի թե ոստիկան, դու պիտի լավ մարդ լինես:
Աղջիկ ուսանողներիս պարագայում հավելում եմ, որ նախ լավ մայր լինեն, լավ կին, հետո նոր լավ ոստիկան: Անկեղծ ասած, ես միշտ չէ, որ այդպես եմ վարվել, դրա համար էլ խիղճս ինձ տանջել է, գուցե պարզապես չեմ ցանկացել զլանալ որպես ոստիկան:
Բացի դրանից՝ ոստիկանը պիտի ունենա պատասխանատվության բարձր զգացում, կարգապահական պատասխանատվություն, առանց որի անհնար է մեր ոլորտում գործել:
–Կա կարծիք, որ ոստիկանը պիտի լինի սառնարյուն, զուսպ: Դուք ազա՞ տ եք Ձեր զգացածն արտահայտելու հարցում:
–Քանի որ ես բուն ոստիկանական գործունեություն չեմ ծավալում, դժվարանում եմ պատասխանել այս հարցին։ Գուցե ամուսինս լավ պատասխաներ, նա տարիների փորձ ունի։ Բայց մի բան հստակ է, ես աշխատանքի ընթացքում զգացմունքներս չեմ թաքցնում։ Բայցև զգացմունքները չպետք է խոչընդոտեն աշխատանքիդ: Որոշումներ պետք է ընդունել սառը գլխով։
-Որո՞նք են Ձեր դրական և բացասական հատկանիշները:
–Ինձ և՛ օգնում, և՛ խանգարում է իմ պատասխանատվության զգացումը: Օգնում է, քանզի պատասխանատու մարդկանց հետ հեշտ է, բայց նաև խանգարում է: Հաճախ կոլեգաներս ասում են ՝ դե լավ ոչինչ, մի ծանրացրու, բայց ես չեմ կարողանում, չնայած զգում եմ, որ մեկ-մեկ պետք է:
–Հաջողակ մարդուն ուղիղ համեմատական է ասեկոսեների տարափը: Ո՞րն է Ձեր հասցեին հնչած վերջին կամ ամենից զավեշտալի բամբասանքը:
– Գուցե բամբասնաք չէր: Մի անգամ ինձ հեգնախառն հարցրին՝ եթե Ակադեմիայում լավ էր, ինչու հետբուհական կրթությունը Երևանի պետական համալսարանաւոմ շարունակեցիր և ոչ թե այստեղ: Դա տողատակով հարց էր, բայց ես պատասխանեցի ուղիղ և շատ հանգիստ․ պատճառն իրականում այն էր, որ այստեղ ընդհանուր պրոֆիլ էր, իսկ այնտեղ կար քրեական իրավունքի առանձին ամբիոն: Շատերն այսօր դիմում են այնտեղ իմիջի համար, բայց դա ինձ չէր կարող վերաբերել։
–Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր ցանկանում են ոստիկան դառնալ։
–Եթե մարդը կայացած ոստիկան չէ, պարզապես բեռ է այս համակարգի համար։ Պետք է լինել նվիրյալ, հմուտ ոստիկան։ Իսկ հմտությունը տրվում է զրկանքների գնով, որոնք նաև ես եմ կրել։ Իսկ, առհասարակ, խորհուրդ կտայի, որ մարդը որևէ պարագայում չկորցներ իր բարոյական հատկանիշները, մարդկային որակներն ու արժանիքները։
Լիանա Մարտիոսյան
Իրավաբան.net