«Ես նախապես գիտակցել եմ, թե ուր եմ գնում և ինչի համար». կին ոստիկան

«Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագծի շրջանակներում այս անգամ կփորձենք պարզել, թե ինչպիսին է  Պարեկապահակետային ծառայության հինգերորդ  հատուկ գումարտակի, առաջին վաշտի երկրորդ դասակի ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արմինե Ղաջոյանը, թե՛ ոստիկանի ծառայություն անցկացնելիս, թե՛ նրանից դուրս:

Ո՞րն է ոստիկան դառնալու` Ձեր շարժառիթը:

– Ես դարձա ոստիկան, որովհետև գտնում էի, որ պետք է հնարավորություններիս սահմաններում օգնեմ մեր քաղաքացիներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց, մեծահասակներին, մանուկներին: Սիրում եմ իմ մասնագիտությունը, որովհետև այն բավականին հետաքրքիր է, որևէ օր չի կրկնվում:

-Ունե՞ք այլ մասնագիտություն:

-Այո՛, ունեմ բարձրագույն կրթություն, ավարտել եմ Եվրոպական կրթական – տարածաշրջանային ակադեմիան, լեզվաբան եմ, տիրապետում եմ անգլերենին և ֆրանսերենին, երկրորդ մասնագիտությունս համատեղում եմ առաջինի հետ, երբ հանդիպում ենք մարդկանց, ովքեր հայերեն  չգիտեն և ինչ-որ խնդիրներ ունեն, ես կարողանում եմ օգնել նրանց:

-Ձեր աշխատանքային չորս տարիների ընթացքում ի՞նչ  դժվարությունների եք հանդիպել:

-Նախ նշեմ, որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և պատվով եմ կատարում այն, աշխատանքը բարդ է, որովհետև տաբեր մարդկանց հետ ենք շփվում՝  նախարարներից մինչև հասարակ քաղաքացիներ, որոնց հասկանալը, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը, բարդ է:  Մենք միշտ փորձում ենք հանգստացնել ու օգնել մարդկանց, բայց եթե ոստիկանի օրինական պահանջներին չեն ենթարկվում, նաև այլ միջոցների ենք դիմում՝ վարչական ձերբակալում և այլն:

-Արմինե՛, վստահ եմ, որ զենքից կարողանում եք օգտվել: Այս տարիների ընթացքում եղել է դեպք, երբ այն կիրառեք:

-Ոչ՛,  այդպիսի դեպք դեռ չի գրանցվել:

-Բողոքի ակցիաների ժամանակ աշխատո՞ւմ եք:

-Իհարկե, մենք քաղաքացիների կողքին ենք, ապահովում ենք նրանց անվտանգությունը:

-Անհնազանդությունների, բախումների ժամանակ  հերթապահում ե՞ք, թե՞ փորձում եք խուսափել:

-Ես և գումարտակի աղջիկները՝ բոլորս մասնակցում ենք, ճիշտ է՝ տղաները մեզ շատ են օգնում, բայց շատ ժամանակ նաև մենք թույլ չենք տալիս մարդկանց խախտել հասարակական կարգը, կարելի է ասել՝ տղաների հետ հավասար ծառայում ենք:

– Իսկ կնոջ բնազդն այդ ժամանակ չի՞  արթնանում, չի՞ խանգարում աշխատել:

Ոչ՛, եթե ես ընտրել եմ այս աշխատանքը և ընդգրկված եմ նրա մեջ, բացի այդ նախապես գիտակցել եմ, թե ուր եմ գնում և ինչի համար, կարող եմ ամեն ինչի առնչվել, ապա ես առանց վախի  կատարելու եմ իմ աշխատանքը, իսկ կին լինելն՝ ավելի ուժեղ է դարձնում ինձ:

– Նշեցիք, որ ուժեղ կին եք, ի՞նչ կասեք այն կարծրատիպի մասին, թե  կանայք թույլ էակներ են:

-Ես դա այնքան էլ ողջամիտ չեմ համարում, եթե մարդ ունի նպատակ և ուզում է ինչ-որ բանի հասնել, ուրեմն անկախ սեռից պետք է ուժեղ գտնվի և առաջ գնա:

– Ինչպիսի՞ն եք դուք աշխատանքից դուրս:

– Ես ազատ ժամանակս ընկերներիս և ծնողներիս հետ եմ անցկացնում, զբաղվում եմ լողով, սիրում եմ ընթերցել, զարգացնում եմ լեզուների իմացությունս:

Ասացիք, որ ընթերցել եք սիրում, ո՞վ է Ձեր սիրած գրողը, կամ ո՞րն է սիրած ստեղծագործությունը:

-Շիրվանզադեի ստեղծագործություններն եմ սիրում կարդալ, ինչպես նաև Պաուլո Կոելյո և այլն:

Ըստ Ձեզ՝ ոստիկանի մասնագիտությունը ավելի շատ կնոջ համար է , թե՞ տղամարդու:

Ես կարծում եմ, որ մեկը մյուսին լրացնում է, ինչպես ընտանիքում այնպես էլ համակարգում և՛ տղամարդն է անհրաժեշտ, և՛ կինը. համակարգը ևս ընտանիք է:

-Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիք:

-Ես երբեք չէի հրաժարվի իմ մասնագիտությունից, այն իմ մի մասն է կազմում:

Հարցազրույցը` Լիլիթ Շաբոյան

Լուսանկարները` Հերմինե Վիրաբյանի

Մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

«Եթե հիմքում կա սեր, ամեն ինչ կարելի համատեղել». կին ոստիկան

«Ոստիկանական համակարգում կին լինելն առավելություն է»

Ոստիկանությունն իմ տունն է, իմ կոչումը. Նելլի Դուրյան 

Կին ոստիկան. «Իմ մեծ երազանքն է մնացել Հարվարդի համալսարանում սովորելը» 

«Մենք` կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել