«Ինձ երեք փամփուշտ էր կպել, մեկը` ձեռքիս, երկուսը` ոտքիս». կին ոստիկան

Արմինե Գրիգորյանը վաղ հասակում երգել է «Արևիկ» ստուդիայում, «Արձագանքում», մանկուց երազել է ուսուցչուհի դառնալ, առաջին մասնագիտությամբ ճարտարագետ է: Նա երբեք չի պատկերացրել, որ կդառնա ոստիկան ու մի օր էլ ծանր վիրավորումներ կստանա:

«Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք 5-րդ հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի առաջին դասակի ծառայության տեսուչ Արմինե Գրիգորյանի հետ:

– Սկսենք մի պահ ետ նայելով, պատմի՛ր քո մանկությունից:

– Փոքր տարիքում շատ կազմակերպված ու ակտիվ եմ եղել: Ծնողներս միշտ մտածում էին, թե հետագայում ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանա իմ կյանքը, որովհետև ընտրել էի և՛ երգը, և՛ պարը, և՛ գեղարվեստական մարմնամարզությունը, այս ամենին գումարած՝ նաև դպրոցում էի գերազանց առաջադիմություն ցույց տալիս: Ծնողներս՝ երկուսն էլ ուսուցիչներ են, և հաճախ երբ մայրիկս ինձ տանում էր իր մոտ, ես փորձում էի դասավանդել, միշտ ասում էի ուսուցչուհի պիտի դառնամ, բայց ժամանակը ցույց տվեց, որ ես ուսուցչուհու փոխարեն ոստիկան դարձա:

– Իսկ ինչպե՞ս դա ստացվեց:

– Իմ երկրորդ մասնագիտությունն իրավագիտությունն է, ես աշխատաքս ուզում էի այդ մասնագիտությամբ շարունակել, հորեղբայրս էլ ոստիկան է, այս ամենը առիթ հանդիսացավ, որ սկզբից պահպանության վարչություն գնամ, ապա նաև առաջարկ ստացա հրեշտակների գումարտակում աշխատելու և մեծ սիրով ընդունեցի առաջարկն ու չորս տարի է, ինչ այստեղ եմ:

– Արմինե՛, իսկ չէի՞ր վախենում այն մտքից, որ վտանգավոր իրավիճակներում կարող ես հայտվել:

– Քանի որ ունեմ սպորտային պատրաստվածություն, այդ առումով վախ չունեի, ու բացի այդ նաև մեր կողքին կան ուժեղ տղամարդիկ, որոնք ամեն իրավիճակում մեզ հետ, մինչ գալս չէի պատկերացնում ինչ կլինի, բայց գիտակցում էի լրջությունը:

– Գեղեցիկ կանայք միշտ ուշադրության կենտրոնում են, աշխատանքում դա Ձեզ չի խանգարե՞լ:

– Ո՛չ, մեր կոլեգաները մեր ընկերներն են և ծառայության ընթացքում մեր ծառայակիցները, այսինքն՝ եթե անհրաժեշտության դեպքում խդրին որպես կին ես նայում և վախենալով միգուցե հետ քաշվես, տղամարդը` քո ծառայակից ընկերը, քեզ կօգնի:

– Եղե՞լ է դեպք, երբ վախեցել եք ինքներդ գործել և խնդրել եք ծառայակից ընկերների օգնել Ձեզ:

– Պատկերացրեք՝ ոչ, նախ և առաջ մենք ինքներս չենք որոշում, մեր հրամանատարն է որոշում և տվյալ իրավիճակում մեզ ուղղություն է տալիս: Չեմ հիշում որևէ դեպք, որ վախենամ ինչ-որ իրավիճակից:

-Կին լինելը չի՞ խանգարում ծառայությանը:

– Բնականաբար՝ ո՛չ, շատ դեպքերում անգամ օգնում է, որովհետև ժամանակակից մարտահրավերները, պահանջները մեզ ստիպում են արդեն նաև ոստիկանական համակարգում մեծացնել կնոջ դերը: Եթե համեմատենք չորս տարի առաջ ու հիմա, բավականին փոփոխություն է նկատվում քաղաքացիների վերաբերմունքի առումով, եթե առաջ չէին մոտենա մեզ` կաշկանդվում էին հատկապես կանայք և աղջինկերը, և տղամարդ ոստիկանին ինչ-որ խնդրով կամ առաջարկով չէին դիմի, հիմա մեզ դիմողներն այնքան շատ են, որ ակնհայտ է՝ մարդիկ ոստիկանին չեն ընկալում պատժիչ կերպարի մեջ:

– Եղե՞լ են հրամաններ, որ չեք ցանկացել կատարել:

– Հրամանը չի քննարկվում այն ուղղակի կատարվում է, այստեղ ցանկություն չկա` կա հրաման և այն պետք է կատարել, հույզերն ու զգացմունքները ոստիկանությունում դրվում են մի կողմ, եթե հրամանը տրվում է, ուրեմն պետք է այն կատարվի:

-Իսկ որքանո՞վ է հաջողվում հույզերն ու զգացմունքները մի կողմ դնել, չէ՞ որ կանայք ավելի շատ զգացմունքներով են շարժվում:

– Այո՛, ես ընդունում եմ՝ կանայք շատ զգացմունքային են, բայց զգացմունքայնությունը ոստիկանությունում աշխատելուն կխանգարի, սա առօրյա կյանք չէ: Միգուցե այնտեղ դու զգացմունքային լինես, բայց աշխատանքում այլ կերպ է:

– Ոստիկանի աշխատանքը չի՞ սպանում Ձեր մեջ կանացիությունը:

– Չեմ կարծում, որ սպանում է, քանի որ կինը յուրաքանչյուր աշխատանքում մնում է կին, և ծառայության մեջ էլ մեծ է կնոջ դերը, ավելի շատ օգնում է, քանի որ տղամարդիկ երբեմն ավելի բուռն են արձագանքում որոշ դեպքերի և մեզ հաջողվում է հանդարտեցնել նրանց:

– Բողոքի ակցիաների, ցույցերի ժամանակ ակտիվիստները հաճախ են կոչ անում անցնել իրենց կողմը, եղե՞լ է դեպք, երբ ցանկացել եք թողնել ծառայությունն ու միանալ նրանց:

– Ո՛չ, չի եղել նման դեպք, ես ընտրել եմ իմ մասնագիտությունը և կատարում եմ իմ աշխատանքը, բայց մեր ծառայակիցներից յուրաքանչյուրը հասկանում է նաև մեր քաղաքացիներին և նրանց պահանջները:

-Հայկ Կյուրեղյանի գործին հանդես եք գալիս տուժողի կարգավիճակով, խոսենք մի փոքր այդ մասին:

– Երբ դեպքը տեղի ունեցավ, ես ծառայություն էի իրականացնում մեր տղաներից մեկի հետ, ոչ ոք չէր սպասում, որ նման բան տեղի կունենա, զենքի արտաքին տեսքը մարտական զենքից ոչնչով չէր տարբերվում, բայց նման պահերի ոստիկանության ծառայողը չի գիտակցում թե ինչ վտանգի առաջ է կանգնում, նա միայն փորձում է կանխել անկարգությունը: Ինձ երեք փամփուշտ էր կպել մեկը` ձեռքիս, երկուսը` ոտքիս:

– Վստահ եմ, որ բավականին վախեցել էիք, ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ վախն ու նորից աշխատանքի վերադառնալ:

– Իրական ցանկության դեպքում ամեն ինչն էլ կարելի է հաղթահարել, հոգեբանորեն քեզ տրամադրելով՝ կարող ես դուրս գալ ցակնացած իրավիճակից:

-Պատմի՛ր մի փոքր քո ընտանիքի մասին, կցանկանայի՞ր, որ երեխաներդ էլ ընտրեին ոստիկանի մասնագիտությունը:

– Ես և ամուսինս ծանոթացել ենք ուսանողական տարիներին և ամուսնությունից հետո մուտք ենք գործել ոստիկանական  համակարգ: Ունեմ որկու երեխա` տղա և աղջիկ: Տղաս արդեն ասում է, որ հետագայում ոստիկանական համակարգում է ծառայելու՝ մեզ պես, բնականաբար երեխաները ձգտում են նմանվել ծնողներին, ունենալ նույն մասնագիտությունը, բայց տեսնենք` ինչպես կստացվի:

– Հայ ընտանիքներում ծնողները երեխաների սաստելու համար ասում են. «Խելոք մնա’, թե չէ ոստիկան կկանչենք», դո՞ւք ինչով եք «վախեցնում»:

(Ծիծաղում է) Մենք էլ ենք հաճախ փողոցում հանդիպում նման դեպքերի, երբ ծնողները երեխաներին մեզ են մատնացույց անում ու ասում «նայի եկավ», բայց մենք փորձում ենք երեխաներին ժպտալով ցրել վախի մթնոլորտը, իսկ իրականում պետք չէ նրանց վախեցնել, հարկավոր է բացատրել, և կհասկանան:

– Ո՞ր գրքի կամ ֆիլմի հերոսուհուն ես քեզ նմանեցնում:

– Փոքր տարիքում հաճախ էի ինձ ֆիլմերի հերոսների հետ համեմատում, բայց հիմա հասկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ, հիմա էլ չեմ նմանեցնում:

Հարցազրույցը` Լիլիթ Շաբոյան

Լուսանկարները` Հերմինե Վիրաբյանի

Մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

«Ես նախապես գիտակցել եմ, թե ուր եմ գնում և ինչի համար». կին ոստիկան

«Եթե հիմքում կա սեր, ամեն ինչ կարելի համատեղել». կին ոստիկան

«Ոստիկանական համակարգում կին լինելն առավելություն է»

Ոստիկանությունն իմ տունն է, իմ կոչումը. Նելլի Դուրյան 

Կին ոստիկան. «Իմ մեծ երազանքն է մնացել Հարվարդի համալսարանում սովորելը» 

«Մենք` կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել