Սաթինե Թադևոսյանը մանկուց երազել է բանակում ծառայել: Այսօր նա ծառայում է, սակայն ոչ թե զինված ուժերում այլ ոստիկանական համակարգում: Նա նախկինում լրագրողական աշխատանք է կատարել, հարցազրույց վերցրել նաև ոստիկաններից, իսկ ներկայումս հենց ինքն է ոստիկանական համազգեստով հարցազրույց տալիս: Սաթինեն ՀՀ ոստիկանության Պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանման 4-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայության տեսուչ է: Ի՞նչ երազանք ունի Սաթինե Թադևոսյանը, ինչի՞ց է նա սարսափում ու ինչո՞ւ որոշեց ընտրել հենց այս մասնագիտությունը: Հարցերի պատասխանը գտեք` «Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագծի հերթական հարցազրույցում:
Սաթինե, ինչո՞ւ որոշեցիր ընտրել հենց այս մասնագիտությունը:
Սկսենք փոքր ժամանկից, մանկուց երազել եմ ծառայել բանակում: Երբ դպրոցական էի, իմ նպատակն էր Իսրայել գնալ` կանանց բանակում ծառայելու համար, այդ ժամանակ դեռ չէի հասկանում` ինչ կլինի հետո: Իսրայելն ինձ համար երազանքի երկիր էր, որտեղ կանայք կարող են ծառայել: Միշտ զարմանում էի, որ տղաները խուսափում են ծառայությունից, իսկ ես` հակառակը, աղջիկ լինելով, ցանկանում էի զինվորագրվել: Ընտանիքս մի փոքր դեմ էր, ասում էին` աղջիկը չպետք է համակարգում ծառայի: Երբ արդեն կրթություն ստացա, կոպիտ ասած` ապահովեցի ամեն ինչ, որպեսզի ընտանիքս դեմ չլինի, արդեն հանգիստ ընտրեցի իմ ուզած աշխատանքը:
Որտե՞ղ ես սովորել:
Ավարտել եմ Մանկավարժական համալսարանը պատմաիրավագիտության ֆակուլտետը, մագիստրատուրան էլ եմ ավարտել` համաշխարհային պատմության մասնագետ եմ:
Այնուհետև որոշեցիր մտնել ոստիկանական համակարգ, ինչպե՞ս ծագեց այդ միտքը:
Այդ ժամանակ լրատվական կայքերից մեկում էի աշխատում, տարբեր մասնագիտության անձանց մասին հաղորդում էի նկարահանում, այդ թվում` հրեշտակների: Հետաքրքրվեցի նրանց մասին, հասակացա, որ դա իմ սիրած աշխատանքն է ու ինձ հարց տվեցի, թե ինչո՞ւ չդառնամ այդ անձանցից մեկը, ոչ թե իրենց մասին հաղորդում պատրաստեմ: Դուրս եկա աշխատանքից և հայտնվեցի այստեղ:
Ե՞րբ հայտնվեցիր:
Հոկտեմբերի 1-ից եմ անցել ծառայության:
Ինչպե՞ս արձագանքեցին այդ իրողությանն ընտանիքիդ անդամները:
Երբ մտնելու որոշումս կայացրեցի, դեմ էին: Նշում էին, որ աղջիկ եմ ու չեմ դիմանա այս ամենին: Չնայած` նրանք ավելացնում էին, որ սա իմ որոշումն է: Հիմա ամեն շաբաթ զգում եմ վերաբերմունքի փոփոխություն դեպի դրականը:
Փաստորեն, շուրջ երկու ամիս այստեղ ես: Ի՞նչ էիր ակնկալում ու ի՞նչ ստացար:
Ինչ ակնկալում էի, ամենը ստացել եմ: Կոլեկտիվը շատ լավն է, ամեն ինչ արեցին, որ հեշտ հարմարվեմ: Բացի այդ, վարդագույն ակնոցներով չեմ նայել այս ծառայությանը, ընդհակառակը` ոգևորությունս ավելի մեծ է ու ինչքան էլ հոգնած լինեմ, երբևէ չեմ ափսոսում կամ վատ զգում:
Ուժային բնույթ ունեցող վարժանքները քո սրտո՞վ են:
Իհարկե, գտնում եմ, որ ոստիկանը պարտավոր է իմանալ այդ ամենը, տիրապետել այդ հմտություններին: Բացի այդ, ամեն ինչից դուրս` քո քաղաքացիական կյանքում, երբեք քեզ չի խանգարի որոշակի պաշտպանողական տեխնիկայի տիրապետելը:
Ինչպե՞ս է անցնում քո առօրյան:
Դա կախված է այն հանգամանքից` ծառայության ենք այդ օրը, թե դասապրոցեսի: Դասընթացի օրերին ուսումնասիրում ենք մի շարք օրենսգրքեր, դրանից բացի շարային և ֆիզպատրաստություն ենք անցնում: Եթե ծառայության ենք, ութ ժամ հերթապահություն ենք իրականացնում հիմնականում Փոքր կենտրոնում:
Խնդրում եմ ընտանիքիցդ խոսիր:
Ապրում եմ ծնողներիս և քույրիկիս հետ, եղբայրս ռազմական օդաչու է, Գյումիրում է ծառայում, շաբաթը երկու օր ենք տեսնում նրան, մի քույրս ամուսնացած է, առանձին է ապրում: Մեր ազգում ես միակ ոստիկանն եմ: Այդ առումով բոլորը մշտապես զարմանքով են ընդունում իմ մասնագիտությունը: Սիրտս զբաղված չէ, ամուսնացած չեմ, այս պահին առաջնայինն աշխատանքն եմ համարում: Չնայած, որ անձնականը այն հարցն է, որ պլանավորել հնարավոր չէ, ինչ լինում է` լինում է:
Նախասիրություններից խոսենք` ի՞նչ հետաքրքրություն ունես մասնավորապես ընթերցանության, կինոյի և երաժշտության շրջանակներում:
Ասեմ` հիմնականում սիրում եմ ավելի հանգիստ երաժշտություն, ֆիլմերից հոգեբանական թրիլերներ: Արյունը տանել չեմ կարողանում, բայց հոգեբանական սուր զգացողություններն ամենասիրելի ֆիլմերի ուղղությունն են: Գրականությունից սիրում եմ ռուսերեն գրքեր կարդալ, այս պահին ընթերցում եմ Էռնեստ Հեմինգուեյւ «Ծերունին և ծովը» ստեղծագործության հեռախոսային տարբերակը:
Ինչպե՞ս ես օգտագործում քո ազատ ժամանակը:
Քնում եմ (ծիծաղում է,-Գ.Թ.), բայց նաև փորձում եմ ընկերներիս հետ հանդիպել: Ժամանակին պարի էի հաճախում, մի փոքր բաց թողեցի պարապմունքները, որպեսզի այստեղ կարողանամ տեմպի մեջ ընկնել, բայց կսկսեմ կրկին հաճախել շուտով:
Ոստիկանական համակարգն ուժային կառույց է, բայց կինը նուրբ էակ է, այս հակասությունները ինչպե՞ս ես կարգավորում: Տարբեր գնահատականներով կանանց ներգրավվածության նվազ քանակը պայմանավորված է հենց սրանով, բացի այդ նշեցիր, որ նեղվում ես արյան կադրերից, բայց ծառայությանդ մեջ կարող է այնպես ստացվի, որ մի օր բախվես այդ ամենին:
Ես հոգեպես պատրաստվում եմ դրան, գիտեմ, որ մի օր կստացվի այնպես, որ կբախվեմ այդ խնդրին, իսկ ինչ վերաբերում է կին լինելու հանգամանքին, ապա ասեմ, որ ներկայումս մեր տղաներն այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ երբեք քեզ վիրավորված չես զգում նրանց ներկայությամբ: Անգամ ցենզուրայի մեջ, բայց տղավարի բառեր, մեր ոստիկաններից երբևէ չեմ լսել: Մեզ որպես քույր են ընդունում: Դրսում, այսինքն` ծառայության ընթացքում կրկին առավելություններ ունեմ, մարդիկ կան` մասնավորապես աղջիկները, ամաչում են տղամարդ ոստիկանից, սակայն սիրով դիմում են մեզ, նաև ասում են` հեշտ է, որ աղջիկներ կան համակարգում, իրենք ավելի անկաշկանդ ու հանգիստ են մեր ներկայությամբ:
Այս ընթացքում, ինչ ոստիկանական համակարգում ես, որևէ զվարճալի կամ զավեշտալի դեպք եղե՞լ է:
Ինձ համար, մի քիչ տարօրինակ էր առաջին անգամ զենք բռնելն ու քանդելը. ինչքան ուզում ես քանդել, ուժդ չի պատում, բոլորը կողքից նայում են: Այնպես որ` զենքը քանդելն ամենածիծաղելի դեպքերից է, 10-ն անգամ փորձից հետո հազիվ մեկը ստացվեց:
Հիմա հեշտությա՞մբ ես քանդում զենքը, թե կրկին դժվարություններ կան:
Հեշտությամբ, ափսոս զենք չկա, թե չէ սիրով կքանդեի այն:
Ի՞նչ պլաններ ունես հետագայի համար:
Աշխատանքի հետ կապված, բնականաբար, իմ գիտելիքների, փորձի և աշխատանքի միջոցով հասնել բարձունքների: Նաև նպատակ ունեմ իրականացնել Իսրայել գնալու երազանքս, արդեն ոչ թե բանակում ծառայելու համար, այլ որպես ոստիկան:
Կարդացեք նաև`
«Ոստիկանական համակարգում կին լինելն առավելություն է»
Ոստիկանությունն իմ տունն է, իմ կոչումը. Նելլի Դուրյան
Կին ոստիկան. «Իմ մեծ երազանքն է մնացել Հարվարդի համալսարանում սովորելը»
«Մենք` կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ»
Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները` Զաքար Իսկանդարյանի
Մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան