Հրանուշ Պապիկյանը ոստիկանության կրթահամալիր է ընդունվել 2013 թ-ին, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արաբկիրի ոստիկանության բաժնում՝ որպես համայնքային ոստիկան: Իր ընտրած մասնագիտության, հասարակության ընկալումների ու մասնագիտական դժվարությունների մասին «Ոստիկան հայուհիներ» շարքի շրջանակներում պատմում է Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ոստիկանության բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 22-ամյա Հրանուշ Պապիկյանը:
-Ինչու՞ ընտրությունը կանգ առավ հենց ոստիկանի մասնագիտության վրա:
-Մինչ դպրոցն ավարտելն արդեն ընտրությունս կատարել էի՝ ոստիկան դառնալու հետ կապված ու 2013 թ-ին ավարտելուց հետո որոշեցի շարունակել կրթությունս ոստիկանության կրթահամալիրում:
-Ընտանիքում այլ ոստիկններ ունե՞ք, ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտրությանը:
-Ընտանիքի անդամներից ոչ ոք ոստիկան չէ, մեր ընտանիքում առաջինը ես եմ: Մասնագիտության ընտրության հարցում ծնողներս կողքիս են եղել, քաջալերել են ինձ: Ծանոթներս արձագանքում էին շատ զարմացած: Տարակուսանքը եղել է, թե ոնց կստացվի հետագայում, ինչպես կլինի: Ամեն դեպքում՝ ոստիկանի մասնագիտությունը նման չէ մյուս մասնագիտություններին, ու թե՛ ընտրությունը, թե՛ հենց աշխատանքն ունեն իրենց դժվարությունները: Ժամանակի ընթացքում համոզվեցի, որ չեմ սխալվել:
-Եղե՞լ են ինչ-որ դժվարություններ, որ մինչ ոստիկան դառնալը դրանց մասին չեք էլ մտածել: Պատկերացրե՞լ եք, թե ինչ ուղի է իրականում Ձեզ սպասվում:
-Մինչ ընդունվելը պատկերացումները լրիվ այլ են: Սովորելու ընթացքում ձևավորվում է որոշակի պատկերացում՝ ոստիկան մասնագետի, ոստիկանական աշխատանքների դժվարությունների, հետագայում նաև այդ պատասխանատվության հետ կապված, որը դու չես գիտակցում ընդունվելուց առաջ: Արդեն ավարտելուց հետո էլ չես պատկերացնում աշխատանքի դժվարությունները, առանձնահատկությունը: Իսկ աշխատանքի ընթացքում արդեն հասկանում ես, որ քո պատկերացումներն ու իրական աշխատանքն իրարից բավականին տարբեր են: Այնպես որ, պրակտիկան ամրապնդում է այն բոլոր գիտելիքները, որոնք սովորում ենք կրթահամալիրում:
Որևէ լուրջ խնդիր, որ հիմա կկարողանամ հիշել, բարեբախտաբար, դեռ չկա: Բայց դրա հետ մեկտեղ նշեմ, որ աշխատանքն ունի իր ամենօրյա դժվարությունները:
-Դուք աշխատում եք անչափահասների հետ: Ի՞նչ առանձնահատկություն ունի այս աշխատանքը և եղե՞լ է դեպք, որ նրանք Ձեզ ինչ-որ հարցով դիմեն:
-Արդեն երկու տարի է՝ սպասարկում եմ Արաբկիր վարչական շրջանի ավագ դպրոցներից մեկը, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անչափահասներն ունեցել են իրենց խնդիրները, մտահոգությունները: Եղել են դեպքեր, որ մոտեցել են, կիսվել իրենց խնդիրներով, խորհուրդ հարցրել: Նման դեպքերը շատ են, քանի որ այդ տարիքում անչափահասները բազմատեսակ խնդիրներ են ունենում՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները: Սեռային պատկանելիությունը ևս իր դերը խաղում է:
-Նշում եք, որ դեպքեր շատ են լինում, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ամեն դեպքում անչափահասներ են, դա մեկընդմիշտ պետք է հիշենք: Ամեն ինչ էլ կարող է պատահել, ցանկացած դեպք՝ տարաձայնություն, վիճաբանություն: Արդյունքը կլինի ճիշտ պրոֆիլակտիկայի արդյունքում, որը կարող է լինել սպասարկվող վարչական դպրոցում, վարչական տարածքում, հանդիպումներ լինեն անչափահասների ծնողների, մանկավարժների, տնօրինության, հենց իրենց հետ, երբ դու կկարողանաս բացատրել այն բոլոր օրենքերը, իրավական ակտերը, որոնք խախտելու դեպքում կկրեն այս կամ այն պատասխանատվությունը, կամ կունենան այս տույժն, կամ անչափահասը կվերցվի մեզ մոտ հաշվառման, և այլն: Շատ դեպքերում անչափահասները տեղյակ չեն լինում, որ իրենց կատարած արարքը պարունակում է այս կամ այն հատկանիշները, որոնք արտահայտվում են քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Նրանք նույնիսկ կարող են զարմացած հարցնել, որ՝ այ, ես չգիտեի, թե այս արարքը կարող է պատասխանատվության ենթարկվելու պատճառ լինել: Ամբողջությամբ, միանշանակ, կանխել չես կարող, բայց պրոֆիլակտիկան իր դերը խաղում է:
-Ինչպե՞ս է անցնում Ձեր աշխատանքը դպրոցում, որքա՞ն ժամանակ եք այնտեղ անցկացնում:
-Դպրոցում լինում եմ առավոտյան 8-ից, մինչ դասերի սկսվելը, իսկ դասերը սկսվում են ութնանց կեսին, որպեսզի կարողանամ դիմավորել երեխաներին: Ժամն արդեն երեքից հետո ճանապարհում եմ նրանց: Ավագ դպրոցում ոչ միայն խնդիրները կարող են ներսում լինել, այլև հարակից տարածքում: Այստեղ սովորում են բավականին հասուն տարիքում գտնվող երեխաներ, ովքեր ունեն իրենց ընկերների դպոցից դուրս շրջանակը, և օրերից մի օր ընկերները կարող են որոշել իրենց ընկերոջը այցելել դպրոցում, կարող են մոտենալ առանձին-առանձին կամ խմբերով, սպասել մինչև դասերի ավարտը, և այլն: Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ լավ է, ընկերներ են, գալիս են, տեսնվում, ուղեկցում, բայց սա ունի նաև իր խնդիրները: Օրինակ, դասապրոցեսը խանգարեն, փորձեն դպրոց մտնել կամ առաջացնեն այնպիսի անկանխատեսելի իրավիճակներ, որոնց դեպքում իմ ներկայությունը խիստ անհրաժեշտ է:
-Դպրոցահասկաները հիմնականում ի՞նչ իրավախախտումներ են թույլ տալիս:
-Շատ դեպքում չեն տարբերակում իրավախախտումը և հանցագորությունը: Չեմ կարող ասել, թե այնպիսի դեպքեր են լինում, որ դրանք հասցնեն իրավախախտման, էլ չեմ ասում՝ հանցագործության, հիմնականում կարգապահական բնույթի խախտումներ են: Ես իրենց փորձում եմ բացատրել, համապատասխան դասաժամեր անցկացնել, որոնց ընթացքում ուզում եմ իրենց իրավագիտակցությունը բարձրացնել թե՛ որպես աշակերտ, թե՛ որպես քաղաքացի, հասարակության անդամ: Իսկ դպրոցում իրենց թույլ տված կարգապահական խախտումները հիմնականում կապված են ուշանալու, դասագրքերի չլինելու կամ հագուստի հետ կապված:
-Տարիներ առաջ, երբ ես էի դպրոցում սովորում, ու ավագ դպրոցներ չկային, ոստիկան տեսուչների ներկայությունն ինձ համար այդքան էլ նկատելի չի եղել, Դուք նշում եք, որ ամբողջ օրվա ընթացքում դպրոցում եք լինում, ի՞նչն է բերել այս փոփոխություններին:
-Կարծում եմ, որ ուշադրությունը միշտ է եղել: Անչափահասները մեր հասարակության այն անդամներն են, ովքեր պետք է վաղը դառնան այն գրագետ չափահասը, ով կձևավորի այն իրավապահ միջուկը, ինչը մեր պետության անվտանգության, իրավագիտակից քաղաքացու կարևոր երաշխիքներից մեկն է հանդիսանում: Այսօրվա անչափահասի նկատմամբ պետք է լինենք առավել ուշադիր, որպեսզի հետագայում ունենանք առողջ հասարակություն: Ես ինքս արդեն ավագ դպրոցում եմ սովորել, իսկ ավագ դպրոցի տեսուչի ինստիտուտը ներդրվել է 2014 թ-ին: Այդ տարիներից սկսած ավագ դպրոցներում մշտապես լինում են ոստիկան տեսուչները:
-Հրանու՛շ, արդյո՞ք Ձեզ պարտավորեցնում է Ձեր համազգեստը:
-Առհասարակ, համազգեստ կրելը ոչ միայն հագուստի ինչ-որ տեսակ է, այլ նաև դու պատախանատվություն ես կրում այդ համազգեստի հանդեպ, քանի որ այդ պահին կարող է քեզնից շատ բան կախված լինել: Կարծում եմ, համազգեստը ոչ միայն պարտավորեցնում է, այլև՝ պատվաբեր է: Ես սիրով եմ կրում իմ համազգեստը, իսկ դպրոցում այն ոչ միայն պարտավորեցնող է, այլև՝ տեղին:
– Համազգեստով և առանց համազգեստի, Դուք նու՞յնն եք մնում:
-Կարծում եմ ես նույնն եմ՝ թե համազգեստի մեջ, թե համազգեստից դուրս: Ուղղակի աշխատանքի հետ կապված կան առանձնահատկություններ, որոնք արտացոլվում է քո կերպարում՝ համազգեստը կրելիս: Իսկ աշխատանքից դուրս այդ նույն զգացողությունը չկա: Նույնիսկ աշխատանքից դուրս, երբ դու քաղաքացիական հագուստով ես, զբոսնում ես փողոցում, ամեն դեպքում դու ոստիկան ես՝ օրվա 24 ժամը: Ես չեմ կարող անտեսել մի արարք, մի մարդու, ինչ-որ մի դրվագ, եթե ես այդ պահին քաղաքացիական հագուստով եմ: Ես կփորձեմ՝ օրենքով իմ առջև դրված պարտականությունները կատարել:
-Ի՞նչպես կգնահատեք հասարակության վերաբերմունքն ու պատկերացնումները կին ոստիկանի նկատմամբ:
-Կարծում եմ, բավականին փոփոխություն կա այստեղ: Տարիներ առաջ, միգուցե, համազգեստով աղջիկ տեսնելը անսովոր էր, բայց այսօր շատ սովորական է դարձել մարդկանց աչքին: Կարծում եմ, հասարակությունը շատ է փոխել իր կարծիքը, մի մասի մոտ դրական, մի մասի մոտ՝ բացասական, ինչպես ամեն հարցում՝ տարբեր կարծիքներով:
Ալիսա Չիլինգարյան
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի