Իրավաբան.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագիծը: Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն է:
Վերջինս ժպիտը դեմքին և հիացմունքով է պատմում իր աշխատանքի մասին:
«Ես ուրախությամբ ու հաճույքով եմ անում իմ աշխատանքը, ես հարգում եմ իմ աշխատանքը, գիտակցում եմ դրա կարևորությունը». Նելլի Դուրյան
– Ձեր ծնողները ոստիկան լինելով ինչպե՞ս են վերաբերել ոստիկան դառնալու Ձեր ընտրությանը:
– Հայրիկս չէր խոչընդոտում, իսկ մայրիկս դեմ էր ընտրությանս: Փորձում էր խոչընդոտել՝ գիտակցելով, որ այն շատ ծանր աշխատանք է կնոջ համար: Ցանկանում էր, որ իր դուստրն առավել հեշտ աշխատանք անի: Սակայն, ոստիկան դառնալու իմ ցանկությունը շատ մեծ էր: Բավական համառ գտնվեցի, և այսօր շատ ուրախ եմ կատարածս ընտրության համար: Տարիների ընթացքում ծնողներս էլ համոզվեցին, որ ճիշտ էր իմ ըտրությունը, դա իմն էր, այն էր, ինչ որ ես երազում էի:
– Ինչո՞ւ հենց ոստիկան: Կա՞ր որևէ խթան:
– Ոստիկան դառնալու ցանկությունն ինձ մոտ առաջ եկավ 10-րդ դասարանում, մինչ այդ նման բան չկար:
Իմ ծնողներն էին ոստիկան, և աչքս սովորել էր համազգեստին: Շատ էի սիրում համազգեստը: Սա ոստիկանի մասնագիտությունն ընտրելուս առաջին խթանն էր:
Երկրորդ պատճառն այն էր, որ ես, լսելով ծնողներիս աշխատանքային խոսակցությունները, հետաքրքրվում էի դրանցով: Հայրս քննիչ էր և ստանում էր գրականություն, որը մեկ-մեկ բերում էր տուն: Ծանր հանցագործությունների բացահայտումներն իմ մեջ հետաքրքրություն շարժեցին: Շատ հետաքրքիր էր, թե ինչպես էին տեղի ունենում դրանք:
-Ձեզ այլ բնագավառում պատկերացնո՞ւմ եք:
– Այլ բնագավառում ինձ չեմ պատկերացրել և չեմ էլ պատկերացնում: Եթե պատկերացնեի, նման հնարավորություն ունեցել եմ քաղաքացիական հիմնարկում աշխատելու, աշխատանքս կփոխեի: Անգամ այլ աշխատանքի անցնելու առաջակություններն եմ ծանր տանում, երբ ինձ հանկարծ համակարգից դուրս եմ տեսնում:
Ոստիկանությունը կարծես իմ տունն է, իմ կոչումը: Ես ամեն առավոտ սիրով եմ գնում աշխատանքի: Իհարկե, երբեմն եղել են հիասթափության պահեր, բայց ես դրանք շատ արագ հաղթահարել եմ:
-Արդյո՞ք դժվար չէ կին ոստիկան լինելը:
Ցանկացած աշխատանք, որն ուզում ես լավ անել՝ դժվար է: Ոստիկանի աշխատանքը միանշանակ առավել դժվար է, քանի որ դա ուժային կառույց է: Կին ոստիկանի համար առավել դժվար է անել այնպիսի աշխատանք, որն օպերատիվ բնույթ ունի: Օրինակ՝ իմ աշխատանքը: Բայց եթե կինը ցանկություն ունի, իր մեջ այդ ներուժն ու ձգտումն ունի՝ կարող է շատ լավ օպերատիվ աշխատող դառնալ:
-Ինչպիսի՞ն եք Դուք ընտանիքում: Ոստիկանին բնորոշ կոպտությունը չի՞ խանգարում ընտանեկան հարաբերություններին:
-Իհարկե դժվար է համատեղել աշխատանքը և ընտանիքը, բայց քանի որ ես ինքս շատ եմ սիրում իմ աշխատանքը, չեմ գիտակցում, որ ինձանից որևէ բան է գնում: Բայց ես չեմ բողոքում, քանի որ դա իմ ընտրությունն է, և որևէ այլ բանի հետ չեմ փոխի:
-Երբևէ ստիպված եղե՞լ եք ընտրություն կատարել, որի արդյունքում հաղթել է ոստիկանի մասնագիտությունը:
– Երբևէ ստիպված չեմ եղել ընտրություն կատարելու: Իհարկե, նման առիթ կլիներ, եթե ընտանիքս չլիներ աջակից կողքիս:
Ամուսինս ինձ միշտ աջակցել է, միշտ եղել կողքիս: Նա ընդունել է իմ մասնագիտությունը, որպես հայ տղամարդ ընդունել է այն, որ ես միշտ ուշ եմ տուն գնացել: Անհրաժեշտության դեպքում պահել է երեխաներին: Ուրախացել է իմ հաջողություններով, համարելով, որ դրանք նաև իրենն են:
Հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է աջակցող ընտանիք, եթե չունեցար ոչինչ անել չես կարող:
-Ինչպե՞ս կբնորոշեք Ձեզ մեկ բառով:
– Դժվար հարց է (խմբ. ժպտում է): Կդժվարանամ մեկ բառով բնորոշել ինձ: Բարի եմ, անհրաժեշտության դեպքում խիստ, պատասխանատու եմ շատ: Բայց մեկ բառով ասել չեմ կարող:
-Եթե այս պահին ընտրելու հնարավորություն ունենայիք հետ բերել Ձեր կյանքի մեկ իրադարձություն, որը դա կլինե՞ր:
Ուսանողության տարիները, երբ ես սովորում էի Վոլգոգրադի քննչական բարձրագույն հաստատությունում: Շատ լավ տարիներ էին, հաճույքով նորից կապրեի: Այդ ժամանակ ամուսինս էր միշտ կողքիս, ինձ միշտ ուղեկցում էր: Շատ բովանդակալից և անհոգ տարիներ են եղել:
-Ասացիք, որ Ձեր մայրը դեմ էր ոստիկան դառնալու որոշմանը: Եթե Ձեր աղջիկը ևս ցանկանար ոստիկան դառնալ, արդյո՞ք կողմ կլինեիք:
Ես էլ եմ դեմ (խմբ. կատակում է): Իրականում, եթե իմ աղջիկը ևս այդքան կսիրի և երջանիկ կլինի իր աշխատանքով ինչպես ես, ապա թող դառնա: Իսկ եթե ուղղակի պետք է վերաբերի որպես աշխատանք, ավելի լավ է՝ ոչ: Ես դա չեմ ընդունում: Եթե հասկանա, որ դա իր տեղն է, երբեք չեմ խոչընդոտի:
Կին ոստիկանը զրույցի վերջում վստահաբար ասաց. իր աշխատանքը, թեև շատ դժվար է, բայց միաժամանակ շատ շնորհակալ աշխատանք է. «Երբ երեխան անչափահաս է և հայտնվում է ոստիկանությունում, չի հասկանում, թե ինչ ես անում դու իր համար: Միայն տարիներ անց է դա գիտակցում, երբ արդեն չափահաս է և հասարակության համար պիտանի մարդ»:
Նելլի Դուրյանը պատմում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ փողոցում հանդիպում է իր երեխաներին, ովքեր մոտենում են և իրենք շնորհակալություն հայտնում ժամանակին ցուցաբերած օգնության համար:
Հարցազրույցը` Արև Ավագյանի
Լուսանկարները` Զաքար Իսկանդարյանի
Մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան