Իրազեկում սպառողներին էլեկտրաէներգիայի սպառման հաշվառքի սարքի վերաբերյալ

Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Սպառողը (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվառքի սարքով հաշվառվող էլեկտրաէներգիայի քանակի հսկողության նպատակով իրավունք ունի տեղակայել առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք, որի տվյալները ևս նշվում են Պայմանագրում:

  • Առևտրային հաշվառքի սարքերը, այդ թվում առևտրային հաշվիչների սեղմակաշարերը պետք է կնքվեն մատակարարի կողմից: Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային, իսկ մատակարարը վերստուգիչ հաշվառքի սարքերը, այդ թվում՝ հաշվիչների սեղմակաշարերը:
  • Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.

ա) բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը,

բ) բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,

գ) ապահովվի սպառողի և մատակարարի ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,

դ) ապահովվի հաշվառքի սարքերի պահպանումը,

ե) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը։

  • Բնակչության առևտրային հաշվիչները տեղակայվում են ընդհանուր կամ անհատական արկղերում: Բազմաբնակարան շենքերում առևտրային հաշվիչները տեղակայվում են յուրաքանչյուր մուտքի ընդհանուր արկղերում:
  • Արկղերի տեղակայման վայրը ընտրվում է այնպես, որ ապահովվի էլեկտրական լարման սահմանված մեծությունը սպառողի ընդունման վահանակի վրա: Առևտրային հաշվառքի սարքերի համար նախատեսված արկղերը ենթակա են կողպման մատակարարի կողմից: Եթե սպառողի առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքը տեղակայված է անհատական արկղում, ապա սպառողն իրավունք ունի կնքել արկղը:

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է Չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:

  • Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել սպառողին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվառքի սարքի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին սպառողին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները: Մատակարարը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգն անհապաղ վերացնելու նպատակով:
  • Սպառողն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:
  • Մատակարարի կամ սպառողի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման, աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`
    1. սահմանված կարգով տեղեկացնում է սպառողին.
    2. կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և սպառողը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին սպառողի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է սպառողին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.
    3. տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների), որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.
    4. մինչև առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը Չափագիտական մարմնի հետ համատեղ կազմում է դրա ամբողջականության կամ վնասված լինելու, առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին չափագիտական փորձաքննության եզրակացությունը և, առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սահմանված ձևով և ժամկետում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին գրավոր ներկայացնում սպառողին:
  • Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը ոչ ավելի, քան 1 ժամ տևողությամբ` առևտրային հաշվիչի փոխարինման, և ոչ ավելի, քան 3 ժամ՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների փոխարինման անհրաժեշտության դեպքում: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել վերջինիս հետ: Այս դեպքում սպառողը պարտավոր է մատակարարի գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հնարավորություն ընձեռել փոխարինել առևտրային հաշվառքի սարքը:
  • Մատակարարը պարտավոր է սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:
  • Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի, այդ թվում միաֆազ և եռաֆազ հաշվիչների (էլեկտրոնային կամ ինդուկցիոն), հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է մատակարարին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:
  • Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը՝ իր էլեկտրասպառման համակարգին ամրակցված առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքային սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
    1. մատակարարը սպառողի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով սպառողին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը՝ այն ժամանակավորապես փոխարինելով այլ՝ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարքով, իսկ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը կազմում է սպառողի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում.
    2. սպառողը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընքացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և չափագիտական մարմնի կողմից վկայագրված (կնքված) առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել ԷՄՕԿ-ի 12-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին.
    3. այն դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ.
    4. այն դեպքում, երբ սպառողը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարն իրավունք ունի սպառողի նկատմամբ կիրառելու տույժ՝ վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցող ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում՝ դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում՝ ներառյալ առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:
  • Երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Առևտրային հաշվառքի սարքերը կարող են փոխարինվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

  • Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է նրա միջոցների հաշվին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել ԷՄՕԿ-ով ամրագրված ժամկետները:
  • Սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա: Նման դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար ԷՄՕԿ-ով սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով:
  • Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը սպառողի պահանջով իրականացվում է կանխավճարի հետևյալ չափերի վճարման պայմանով.
    1. ա) միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 10000 (տասը հազար) դրամ,
    2. բ) եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 35 000 (երեսունհինգ հազար) դրամ:
  • Մատակարարը սպառողի դիմումը և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է փոխարինել նրա առևտրային հաշվառքի սարքերը:
  • Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից հետո մատակարարը պարտավոր է համապատասխան փոփոխություն կատարել Պայմանագրում:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել