Հարավային Կորեայի Samsung ընկերության հավանական ժառանգորդ Լի Չժե Յոնգը ձերբակալվել է կաշառակերության և այլ մեղադրանքներով։
Գործն առնչություն ունի նաև այն աղմկահարույց գործի հետ, որը բերեց երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթի հարցին: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:
Samsung ընկերությունը մեղադրվում է նախագահի մտերիմ ընկերուհու՝ Չոյ սուն Սիլի կողմից գործարկվող շահույթ չհետապնդող հիմնադրամներին խոշոր գումարներ տրամադրելու համար։ Դրա դիմաց ընկերությունը օգտվում էր կառավարության հովանավորչությունից։
Պարոն Լին և Samsung ընկերությունը ժխտում են խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները:
Samsung ընկերության տնօրենի պաշտոնակատարը դատախազությունում առաջին անգամ հարցաքննվել է հունվարին, սակայն այդ ժամանակ նրան ձերբակալելու որոշում չընդունվեց։
Երկրորդ հարցաքննությունը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին։
Ուրբաթ օրը, հիմնվելով նոր առաջադրված քրեական մեղադրանքների և ապացույցների վրա, դատարանը որոշեց ձերբակալել Լի Չժե Յոնգին։
Պատրաստեց` Սոֆյա Սարգսյանը