Հայաստան մուտքը կթույլատրվի նաև ներքին անձնագրերով

Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը որոշակիորեն լիբերալացնում է Հայաստան մուտքի թույլտվության գործընթացը: Թույլատրվելու է ՀՀ մուտք գործել նաև տվյալ երկրի ներքին անձնագրերով:

Կառավարության կողմից այսօր հավանության արժանացած այս նախագծի հիմնավորումն այս է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ միջազգային պայմանագրերով հնարավոր է սահմանվեն դեպքեր, երբ օտարերկրացին ՀՀ ճամփորդի ոչ թե միջազգայնորեն ճանաչված ճամփորդական անձնագրով, այլ տվյալ երկրի տարածքում օգտագործման ենթակա և ճամփորդության համար չնախատեսված անձնագրով (ներքին անձնագիր), անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ օտարերկրացին ՀՀ տարածքում առանց ճամփորդական փաստաթղթի առկայության, ևս ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ՝ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի: Այդ կապակցությամբ, անհրաժեշտ է, որ ներքին անձնագիրը ՀՀ տարածքում համարվի անձը հաստատող փաստաթուղթ: Ուստիև, անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել ՀՀ կառավարության 22.12.1999թ. «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշման մեջ:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն օտարերկրացու անձնագրի մեջ սահմանապահ զորքերը կատարում են անձի ժամանման հետ կապված համապատասխան նշումներ (դրոշմեր), որոնց դեպքում որոշ երկրների ներքին անձնագրերը այդ երկրների օրենսդրության համաձայն դառնում են անվավեր (դրանց մեջ օտարերկրյա օրենսդրությամբ չնախատեսված նշումներ կատարված լինելու հիմքով), անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել, որ միջազգային պայմանագրերի հիման վրա ներքին անձնագրով ճամփորդող օտարերկրացիների ներքին անձնագրերում սահմանապահ զորքերի կողմից որևէ նշում չի կատարվում և դրոշմ չի դրվում:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Նորոշման N 3 հավելվածում:

 Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ օտարերկրացիների համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ֆիզիկական անձի ինքնությունը և գործունակությունը որոշվում է անձը հաստատող փաստաթղթերով:

Այսինքն, օտարերկրացու ներքին անձնագիրը չի կարող դիտվել որպես օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթ: Հետևաբար, վերջինս ներքին անձնագրով ՀՀ-ում չի կարող մասնակցել քաղաքացիաիրավական հարաբերություններին, կնքել գործարք, նոտարական կարգով վավերացնել այն, հիմներ կազմակերպություն և այլն:

Առաջարկվում է նախագծով նախատեսել, որ այն դեպքում, երբ օտարերկրացինՀայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր), ապա Հայաստանի Հանրապետության տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ համարվի նաև ներքին անձնագիրը:

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշումների ընդունման արդյունքում այն օտարերկրացին, որը միջազգային պայմանագրի հիման վրա ՀՀ մուտք է գործել ներքին անձնագրով կկարողանա քաղաքացիաիրավական հարաբերություններում հանդես գալ այդ անձնագրով, օրինակ՝ կնքելու գործարքներ, գրանցելու իրավաբանական անձ, և այլն: Բացի այդ, ՀՀ օրենսդրությամբ սահմանապահ զորքերի կողմից օտարերկրացիների անձնագրերում նշումներ կատարելու պահանջը չի հանգեցնի օտարերկրացու ներքին անձնագրի անվավերության, քանի որ ներքին անձնագրերում նշումներ չեն կատարվի:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել