Կառավարության փետրվարի 16-ի նիստին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը որոշման նոր նախագիծ է ներկայացնելու, որով պետք է հաստատվի կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշման կարգը:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ կենդանիների սպանդից գոյացած մսեղիքի դրոշմակնքման կանոնակարգումը և լրացուցիչ պահանջների սահմանումը կապահովեն սպանդից ստացված մթերքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը և սպառողների առողջությունը:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին » N 131-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետով:
Որոշման մի շարք դրույթներ ունեն վերանայման կարիք, որը պայմանավորված է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունմամբ:
Նախագծով սահմանվում են կենդանիների սպանդից ստացված մթերքի անվտանգությունը լիարժեք և ամբողջական ապահովող անասնաբուժական դրոշմակնքմանը և դրոշմակնիքներում զետեղված տեղեկատվությանը վերաբերող դրույթներ:
Նախագծի ընդունումը թույլ կտա սպանդի գործընթացում սահմանել պահանջվող անվտանգության երաշխիքները, բարձրացնել անասնաբուժական հսկողության մակարդակը, ապահովել սպանդի գործընթացում և սպանդից հետո իրացվող մթերքի նույնականացումը և վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը: