Պետք է հրաժարվել՝ վերապատրաստումը բոլոր փաստաբանների համար պարտադիր լինելու գաղափարից. Արթուր Գրիգորյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

 ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Արթուր Գրիգորյանը հայտնել է իր տեսակետը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Ծրագրիս ելակետն այն է, որ ՀՀ փաստաբանների պալատը լինի փաստաբանների համար՝ ծառայի փաստաբանների շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե հանդիսանա պալատի մարմինների բռնած գծին հակառակվող՝ ըմբոստ փաստաբաններին ճնշելու մեխանիզմ: Ցավալի է, բայց վերջին երկուսուկես տարիների ընթացքում մենք բազմաթիվ նմանօրինակ փաստերի ականատես եղանք:

Պալատի ներկայիս քաղաքականությանը հավանություն տվող թեկնածուների թիմը այսօր ամեն կերպ փորձում է կոծկել այս դառը իրողությունը և տպավորություն ստեղծել, թե հակառակի մասին պնդումները ոչ այլ ինչ են, քան մի խումբ փաստաբանների անհիմն՝ սուբյեկտիվ տեսակետ: Ինչ վերաբերում է հետապնդումների առանձին փաստերին, ապա նրանց պատասխանն այս առթիվ որպես կանոն, նույնն է՝ խորհուրդը որոշել է, իսկ եթե փաստաբանը դրանից դժգոհ է՝ կարող է դիմել դատարան: Նույն բանը մենք պարբերաբար լսում ենք, օրինակ, անհիմն ակտ գրած գաիշնիկից, բայց չեինք կարծում, որ կգա մի օր, երբ փաստաբանների պալատն էլ կորդեգրի այս արատավոր պրակտիկան:

Ինչևէ, այն երեք ուղղությունները, որոնք խորհրդի անդամ ընտրվելու դեպքում ես պատրաստվում եմ իրականացնել, կայանում են հետևյալում. 1. Հասնել նրան, որ հարուցված կարգապահական յուրաքանչյուր վարույթով գործի փաստաբանի անմեղության, այլ ոչ թե նրա մեղավորության կանխավարկածը: Նշվածը օրենքի չոր պահանջների իրականացումից զատ՝ առավել շատ ենթադրում է կարգապահական պատասխանատվության ենթարկվող փաստաբանի և նրա դեմ բողոքող սուբյեկտի միջև ծագած վեճի բարոյահոգեբանական ծագումնաբանությունը վեր հանելու և դրան օբյեկտիվ գնահատական տալու անհրաժեշտությանը: Օրինակ, շատ հաճախ վստահորդը փաստաբանի դեմ բողոքում է զուտ այն բանի համար, որ ետ ստանա նրան վճարած գումարը և այս նպատակին հասնելու համար զանազան հերյուրանքներ է հորինում: Եվ շատ հաճախ, վստահորդի գրածներից մի կամ մի քանի դժգոհություններ համնկնում են օրենքի այս կամ այն պահանջների ձևական խախտումների հետ, ինչը, սակայն, անթույլատրելի է մատի փաթաթան դարձնել փաստաբանին խորտակելու համար՝ անկախ նրանից, որ ընդհանուր առմամբ նա գործել է բարեխիղճ և իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի վստահորդի գործով հասնի դրական արդյունքի:

2. Արմատախիլ անել դիֆերենցված մոտեցումը՝ փաստաբաններին յուրայինների և օտարների բաժանելու քաղաքականությունը: Նման մոտեցումը հարիր չէ քաղաքացիական հասարակության կարևորագույն օղակ հանդիսացող փաստաբանությանը, քանի որ բնորոշ է եղել այնպիսի հանցավոր կառույցների, ինչպիսին, օրինակ, եղել է նացիստական նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը (NSDAP): Կարծում եմ, կարիք չկա լրացուցիչ հիմնավորումներ բերելու առ այն, որ իմ թիմակից գործընկերների նկատմամբ կարգապահական վարույթների ձևաչափով հետապնդումները ուղղակի պատճառական կապի մեջ են գտնվել փաստաբանների պալատի վարած քաղաքականության հետ հաշտվել չցանկանալու և դրա դեմ պայքարելու հանգամանքների հետ:

3. Պետք է հրաժարվել վերապատրաստումը բոլոր փաստաբանների համար պարտադիր լինելու գաղափարից և պետք է սահմանել ստաժի մի շեմ, որը լրանալուց հետո փաստաբանն այլևս ազատ լինի այդ պարտականությունից: Հակառակ դեպքում մի անընդունելի իրավիճակ է ստեղծվում, երբ բազմամյա ստաժ ունեցող փաստաբանը, ով հանգամանքների բերումով չի հայտնվել պրոֆեսորադասախոսական կազմում, կարգապահական պատասխանատվության ենթարկվելու երկյուղի տակ՝ իր ժամանակի հաշվին պարտավոր է գնալ և ունկնդրել այնպիսի թեմաներ, որոնց նա դասախոսից ոչ պակաս լավ է տիրապետում: Ասածս որևէ կերպ չի նշանակում, որ ավագ փաստաբանը կրտսերից սովորելու բան չունի. խնդիրն այն է, որ որոշակի պայմանների առկայության (ստաժ, տարիք և այլն) դեպքում վերապատրաստմանը մասնակցելը փաստաբանի համար այլևս պարտադիր չպետք է համարվի:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Նկատի ունենալով, որ այս հարցով իրականացվում է քրեական գործով վարույթ, ճիշտ չի լինի, որ ես հրապարակեմ իմ ունեցած ներքին տեղեկատվությունը: Միայն նշեմ, որ փաստաբանների տաժանակիր աշխատանքի արդյուքները հափշտակությունը անպատասխան չպետք է մնա: Ես իմ կողմից կանեմ առավելագույնը, որպեսզի օբյեկտիվ ճշմարտությունը չխեղաթյուրվի:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Պալատի միջոցների հաշվին այսօր ստեղծվել է վարչահրամայական մի ապարատ, որի կարիքը մենք բնավ չունենք: Ավելին՝ եթե վերը բերված հիմնավորումներով նկատի ունենանք, որ այդ ապարատն այսօր հիմնականում ծառայեցվում է յուրայինների պրիորիտետները պաշտպանելու համար, ուստի ակնհայտ է, որ պալատի աշխատակազմը պետք է կրճատել և հասցնել նվազագույնի, այն հաշվով, որ ֆորմալ թղթաբանությունն էլ չտուժի: Ինչ վերաբերում է պալատի ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկությունը ապահովելուն, ապա դրա կարևորագույն երաշխիքներից մեկն այն եմ համարում, որ յուրաքանչյուր փաստաբան, ում անդամավճարների հաշվին է, ի վերջո, գոյանում պալատի բյուջեն, իրավունք ունենա անարգել տեղեկատվություն ստանալ այս առթիվ իրեն հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ, ներառյալ՝ հնարավորություն ունենա ծանոթանալու անհրաժեշտ փաստաթղթերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել