Ֆինանսական չարաշահում կատարած անձինք պետք է ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության. Գարիկ Գալիկյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ  Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Փաստաբանների պալատի խորհուրդը ծրագրերի իրականացման գրասենյակ չէ, որտեղ յուրաքանչյուր խորհրդի թեկնածու ունենա իր ծրագիրը և գա այն իրականացնելու: Փաստաբանների պալատի խորհորդի անդամը ունի օրենքով սահմանված լիազորություններ և պետք է գործի իր լիազորությունների շրջանակում: Փաստաբանների պալատի և նրա խորհրդի դժբախտությունը վերջին տարիներին հանդիսացել են ոչ թե ծրագրերը, դրանց լավ կամ վատ լինելը կամ դրանց բացակայությունը այլ խորհրդի անդամների մեծամասնության կողմից սեփական կամքով գործելու անկարողությունը: Խորհրդի անդամ ընտրվելու պարագայում պատրաստվում եմ և պարտավորվում եմ գործել սեփական կամքով, մտքով և խղճով, այլ ոչ թե որևէ մեկի պարտադրանքով, քմահաճույքով կամ ի շահ նրա:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-«Առանց ծուխ կրակ չի լինում»: Ձեր հարցադրման մեջ ինձ հետաքրքրեց «բացահայտում» բառը: Կարծու՞մ եք այդ բացահայտողները նախկինում տեղյակ չեն եղել ենթադրյալ չարաշահումների մասին: Ես այդպես չեմ կարծում: Բոլոր ֆինանսական չարաշահում կատարած անձինք պետք է ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության, իսկ բոլոր այն փաստաբանները, ովքեր իմացել են դրանց մասին և լռել են, նույնպես պետք է արժանանանան համապատասխան վերաբերմունքի: Խնդրի լուծումը իրավապահների ձեռքում է:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Ձեր հարցադրումից ակնհայտ է, որ Պալատն այսօր ասոցացվում է «ծախսող» հիմնարկի հետ: Մինչդեռ Պալատը պետք է ֆինանս ծախսող և մսխող մարմնից վերածվի ֆինանս խնայող մարմնի:

Խնայված միջոցների հաշվին կարող ենք նաև անհրաժեշտության դեպքում համայնքի անդամների ֆինանսական օժանդակության հարց լուծել: Համաձայնվեք պատվաբեր չէ, երբ փաստաբանի համար անհրաժեշտ ֆինանս հայթայթելու համար դատավորներն են դրամահավաք կազմակերպում:

Կարծում եմ կարող ենք էլ ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական միջոցները:

Թափանցիկության մասով ասեմ հետևյալը. այսօր Պալատի բյուջեն ընդունվում է Խորհրդի դռնփակ նիստում: Նշանակում է՝ Պալատում կան անձինք, որվքեր ընդհանուրից թաքցնելու բան ունեն: Այս արատավոր գործելաոճը պետք է վերացվի:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել