36 միլիոն դրամի յուրացում կամ հափշտակություն՝ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ: Հայտնում են դատախազությունից:

Բացի այդ, ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է 17.876.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ:

Միաժամանակ, 2016թ. դեկտեմբերի 25-ին ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանն իրականացված գույքագրմամբ արձանագրվել է 2.691.699 ՀՀ դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդ:

Նկատի ունենալով, որ հայտնաբերված ընդհանուր՝ 36.340.692 ՀՀ դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և երկու դրվագ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել