ԱՄՆ վիզայի տրամադրման պահանջների որևէ փոփոխություն ՀՀ քաղաքացիների համար չի կատարվել

Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջերս ստորագրված հրամանագրով վիզայի տրամադրման պահանջների որևէ փոփոխություն ՀՀ քաղաքացիների և ՀՀ քաղաքացու անձնագրով դիմող երկքաղաքացիների համար չի կատարվել.Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվության հարցերով պատասխանտու Թագուհի Ջահուկյանը:

«Իսկ այդ հրամանագրով հարցազրույցի անցկացման հետ կապված փոփոխությունները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կիրառվում էին մինչ այդ հրամանագիրը և վիզայի ստացման գործընթացում փաստացի որևէ փոփոխություն չի եղել. այն քաղաքացիները, ովքեր ունեն վավեր մուտքի վիզա, կամ ում մուտքի վիզայի վավերականության ժամկետը լրացել է առավելագույնը 12 ամիս առաջ, կարող են նոր վիզա ստանալ առանց հարցազրույցի, իսկ նրանք, ում նախորդ վիզայի վավերականության ժամկետը սպառվել է ավելի քան 12 ամիս առաջ, պետք է անձամբ ներկայանան և հարցազրույց անցնեն: Հարցազրույցի պահանջից  կարող են ազատվել նաև դիվանագիտական և պաշտոնական մուտքի արտոնագրերի համար դիմած անձինք:

Ինչպես միշտ, եթե դիմումը քննության առնելիս կամ դիտարկելիս հյուպատոսական պաշտոնյայի մոտ հարցեր առաջանան, ապա նա կարող է տվյալ անձին հարցազրույցի հրավիրել: Ընդգծենք նաև, որ վիզայի բոլոր դիմումների պարագայում, այդ թվում`այն դիմումները, որոնց դեպքում չի պահանջվում հարցազրույցի ներկայանալ, կատարվում է անվտանգության հետ կապված մանրակրկիտ ստուգում»,- նշվում է նրա պատասխանում:

ԱՄՆ դեսպանատանից հորդորում են վիզաների գործընթացի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելել travel.state.gov<https://travel.state.gov/> կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել