ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ստորագրել, ըստ որի.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնում» TF0A3852 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնում» TF0A3852 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի`
1) տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմին.
2) ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին»: