Դա պատժից խուսափելու փորձ է. փաստաբան

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը մոտենում է ավարտին. այս մասին Իրավաբան.net-ի  հետ զրույցում նշեց տուշի իրավահաջորդի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ներկայումս ապացույցների հետազոտման փուլն է, գրեթե բոլոր ապացույցները հետազոտվել են: Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը քրեկատարողական հիմնարկից տեղեկանք է ներկայացրել այն մասին, որ ինքնավնասումներ է կատարում ր այդ տեղեկանքի հիման վրա միջնորդել է դատարանին՝ իր հանդեպ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել: Միջնորդությունը բավարարվել է:

Փաստաբանի խոսքով, ներկայումս սպասում են փորձաքննության արդյունքներին: Ի դեպ, այս ընթացքում լրացուցիչ նիստ է եղել. դատարանի որոշմամբ փորձաքննությանը կմասնակցեն ինչպես հոգեբույժ, հոգեբան և նյարդաբան:

Թամարա Բաղդասարյանը սակայն վստահ է, որ մաբաստանյալի անմեղսունակության հարցը չի կարող քննարկվել.

«Դեպքից հետո մի անգամ փորձաքննություն եղել է, որով Մուշեղը լիովին մեղսունակ է ճանաչվել: Այս պահին նա պաշտպան չունի: Մենք գրավոր ապացույցներ ենք հետազոտում, ու նա յուրաքանչյուր ապացույցի հետազոտումից հետո այնպիսի հայտարարություններով է հանդես գալիս, որ շատ հնարավոր է մի քանի իրավաբան միասին  չանեին այդ տեսակ հայտարարություններ: Ես սա դիտարկում եմ ընդամենը պատժից ու պատասխանատվությունից խուսափելու փորձ»:

Ինչ վերաբերում է օրեր առաջ այս գործով առանցքային վկա Աննա Միսակյանի մահվանը (նա, ամուսինն ու մանկահասակ երեխան բնակարանում մահացած էին հայտնաբերվել), Թամարա Բաղդասարյանը նշում է, որ Մուշեղի համար որևէ նշանակություն չի կարող ունենալ դա:

Նշենք, որ հենց փաստաբանն էր միջնորդել դատարանին, որ Աննան նորից դատակոչվեր և հարցաքննվեր: Սրա վերաբերյալ Թ. Բաղդասարյանն ասաց, որ երբ Աննան հարցաքննվել է, ինքը գործով ներգրավված չի եղել: Եվ միայն հետագայում գործի նյութերը, հենց Աննայի ցուցմունքները ուսումնասիրելուց հետո, եկել է այն եզրահանգմանը, որ վերջինս միայն վկա չի կարող լինել, քանի որ իրականում իմացել է հանցագործության մասին, մասնակցել է դրա նախապատրաստմանն ու արդեն իսկ կատարված հանցագործությունը պարտակելուն:

Այս գործով դեռևս նիստ նշանակված չէ: Փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուց հետո միայն նիստ կնշանակվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել