Խնդիրների լուծում և քաղհասարակության ակտիվացում. նոր ծրագիր, որը փոփոխություններ կբերի մեր երկրում

Հայաստանում խնդիրները շատ են, համակարգային լուծումները՝ քիչ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն այսօր Կրթության և գիտության նախարարությունում ասաց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագրով մեր երկրում առկա խնդիրները կհամակարգվեն ու կառաջարկվեն դրանց իրական լուծումները. «Մենք այսօր բոլորս էլ գիտենք, որ սուբյեկտիվ և օբյեկտիվ տարբեր խնդիրներ կան բոլոր ոլորտներում, բայց նաև պետք է կարողանալ դրանք համակարգել ու համապարփակ լուծումներ առաջարկել»,- նշեց պարոն Զադոյանը:

Այս նպատակներին հասնելու համար, ի թիվս այլ գործողությունների, հզորացվելու է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները. «Թիրախը քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են, որոնց մենք կդարձնենք այն մակարդակի, որ դրանից հետո առանց մեզ իրենք հանգիստ կարողանան իրենց գործունեությունը շարունակել»,- նշեց Կարեն Զադոյանը:

Իսկ ինչպե՞ս հասնել այս նպատակին. ԵՄ-ի ծրագրով երկու մոտեցում է որդեգրվել՝ ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացում և ֆինանսավորում: 9 թիրախային ոլորտներում մասնագիտացված 100 կազմակերպություններ են ընտրվելու, Կարեն Զադոյանը նշում է՝ ամենօրյա աշխատանքի միջոցով, պատկերավոր ասած՝ նրանց ձեռքից բռնելով, հասնելու են նպատակներին, իսկ լավագույն ՔՀԿ-ները ֆինանսավորվելու են: Հասարակական կազմակերպությունների վերապատրաստումները ավանդական և հնացած սկզբունքներով չեն իրականացվելու, ծրագրով նախատեսվում է համագործակցություն Կառավարության հետ, վերապատրաստման դասընթացները մշակվելու են առաջատար բուհերից մեկի ջանքերով, որը կընտրվի մրցույթային եղանակով.

«Մենք չենք ուզում հասարակական կազմակերպությունների ուժերով այդ ամենը կազմակերպել, ինչպես դա մինչ այժմ իրականացվել է Հայաստանում, ուզում ենք կազմակերպական զարգացման նոր մակարդակի վրա դնել այս գործընթացը»,- նշեց Կարեն Զադոյանը: Ի դեպ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նախ ներողության հայցեց նախարարի անունից. հանդիպումը ի սկզբանե պետք է լիներ Լևոն Մկրտչյանի հետ, սակայն նա ներկա չէր, քանի որ կառավարությունում հրատապ քննարկման էր մասնակցում:

Նախարարի տեղակալը հետաքրքրվեց ծրագրի էության և թիրախային ոլորտների մասին, մասնավորապես հենց կրթությանն առնչվող:

Քանի որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է խնդիրներ վեր հանել հենց պատասխանատու գերատեսչությունների, տվյալ դեպքում՝ Կրթության և գիտության նախարարության հետ, հանդիպմանը քննարկվեցին նաև առկա խնդիրները և համաձայնություն ձեռք բերվեց դրանք ամփոփելու և թղթի հանձնելու ուղղությամբ:

Կարինե Հարությունյանը առանձնացրեց մեկ կարևորագույն խնդիր. «Աշակերտների ծնողները համաձայնության դաշտում են գործում դպրոցի ղեկավարության և ուսուցիչների հետ, այսինքն՝ ընդունված բան կա, եթե ծնողն դեմ արտահայտվի, ապա կարող են երեխայի նկատմամբ վատ վերաբերմունք ձևավորել: Ես կարծում եմ, որ այս մոտեցումը պետք է փոխվի, ծնողներն ավելի պասիվ են՝ սկսած դպրոցի ծնողական ժողովներից՝ վերջացրած կառավարման խորհրդի աշխատանքներում»,- նշեց փոխնախարարը:

Հանդիպմանը ներկա ԵՄ միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, որպես այս խնդրի լուծման տարբերակ, ներկայացրեց անգլիական փորձը՝ ասելով, որ Հայաստանում ծնողական ժողովներ են իրականացվում, իսկ Լոնդոնում անհատական ժամանակացույց են կազմում և ամեն մի ծնողի հետ հանդիպումներ ունենում. «Այսինքն՝ անկեղծ նստում և զրուցում են, ծնողը կոմպլեքսավորված չի լինում, որ իր երեխայի վերաբերյալ կարող են բացասական կարծիք հայտնել բոլորի ներկայությամբ, այլ դասվարի հետ առանձին քննարկում են ընդհանուր հարցերը»,- նշեց մասնագետը:

ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Արտակ Մանուկյանը մեկ այլ խնդիր առանձնացրեց, նրա խոսքերով՝ բացառապես բոլոր դպրոցներում զգուշացնող գրություն է փակցրված, ըստ որի՝ ծնողներն իրավունք չունեն առանց համապատասխան թույլտվության մտնել դպրոց. «Դա հակասում է օրենքին, որովհետև ծնողն ընդհուպ կարող է գնալ ու հետևել դասապրոցեսին, բայց մտեք որևէ դպրոց, ձեզ պահակը թույլ չի տա բարձրանալ վերև»,- նշեց նա:

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) նախագահ Ալեքսանդր Շագաֆյանը հույս հայտնեց, որ նախարարության հետ կստեղծվի արդյունավետ համագործակցություն. «Այն ինֆորմացիան, որ պետք է փոխանակենք շատ հաճախ կարծում եմ՝ ամենօրյա ռեժիմով կապ կազմակերպելու խնդիր կունենանք»,- նշեց բանախոսը:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, մասնակիցներն են՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը: Նախապես ընտրվել էին երեք թիրախային ոլորտներ, սակայն ներկայումս կառավարության և ոլորտների մյուս դերակատարների հետ քննարկվում են դրանց ավելացման հարցը, վեր են հանվում խնդիրներ պարունակող ոլորտները:

Կարդացեք նաև՝

Համատեղ ջանքերով կհզորացվեն հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունները

Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչները հանդիպեցին Դավիթ Հարությունյանի հետ

Արդարադատության նախարարը հանդիպեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին

ԵՄ-ի աջակցությամբ երկու խոշոր ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ղեկավարները հանդիպեցին

ԵՄ-ն խոշոր ֆինանսական ներդրում է կատարում Հայաստանում քաղաքացիական հասարակության ուժեղացման նպատակով

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել