Այսօր տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ղեկավար կազմերի հանդիպումները: Այս երկու կազմակերպությունները իրենց գործընկերների հետ միասին Եվրոպական միության աջակցությամբ սկսել են երկու խոշոր ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին սեփական կազմակերպությունները և Եվրոպական միության կողմից ստացած դրամաշնորհների շրջանակներում կատարվելիք աշխատանքները:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացնելով կազմակերպության կատարած աշխատանքները մատնանշեց Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտի ներդրումը: Նա ասաց, որ տարիներ շարունակ Կառավարությունը չէր կարևորում, որ երկրում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար հարկավոր է ինստիտուցիոնալ լուծումներ տալ, ամեն ինչ փոխվեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ քաղաքական համապատասխան կամք դրսևորվեց և Կառավարությունը լսեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ձայնը. «Ապօրինի հարստացման վերաբերյալ մեծ ուսումնասիրություն արեցինք, վեր հանեցինք միջազգային փորձը, որը Արդարադատության նախարարության հետ ներկայացրինք, մասնակցեցինք օրենքի մշակման աշխատանքներին: Ազգային ժողովում ապօրինի հարստացման նախագիծը միաձայն ընդունվեց պատգամավորների կողմից, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների, երբ ինձ հարցրին, թե ինչու է այդպես, պատասխանեցի, որ հասարակական սպասելիք կար, այսինքն՝ հասարակության սպասելիքները մենք այդ փաթեթի մեջ ներկայացրել ենք: Մեր երկրում հաճախ էր խոսվում ապօրինի հարստացման մասին, մենք ասացին, որ պետք է այդ սպիտակ գիծը գծել»,- նշեց Կարեն Զադոյանը:
ԻՀԱ ղեկավարը ներկայացնելով «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն՝ ասաց, որ այն իրականացվելու է մի շարք կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, մասնակիցներն են՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը: Կոնսորցիումի ղեկավարումը իրականացնելու է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել ՔՀԿ-ների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը կունենա դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը, տեղական ինքնակառավարումը և այլն:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը հայտնեց, որ իրենց և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ իրականացվելու է «Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը:
«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը մանրակրկիտ ներկայացրեց այն՝ նշելով, որ ծրագիրը կհամալրի ներկայումս ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացման ծրագիրը՝ շեշտը դնելով մոտ 200 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներքին և արտաքին կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ընթացիկ նախաձեռնությունների վրա (օր.՝ համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով – կոդ SE ծրագիրը – Սոցիալական արձագանքը՝ ուղղված Հայաստանում աշխատանքային միգրացիային (Միասին հանուն Հայաստանի)):
Հանդիպմանը ներկա էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար կազմի մյուս անդամները:
Վերջում մասնակիցները պայմանավորվեցին աշխատանքային հանդիպումներ իրականացնել՝ նախանշելով հետագա անելիքները և համագործակցության քայլերը: