Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ արձակված կրակոցների հետևանքով սպանվել էին քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանը (Երրորդմասից Լյովիկ) և նրա երկու ընկերները:
Նախորդ դատական նիստին հետազոտվել էին գործում առկա իրեղեն ապացույց համարվող զենքերը, իսկ այսօր պետք է հետազոտվեին տեսանյութերը: Սակայն բացառապես մեկ տեսանյութ հետազոտվեց, որտեղ վկային ներկայացվում են երեք անձանց լուսանկարներ (ենթադրվում է՝ ամբաստանյալների) և վկան պատասխանում է, որ չի ճանաչում նրանց:
Ի դեպ, տեսանյութը ցուցադրվում էր բավականին փոքր մոնիտորով, տեսանյութն էլ կողաշրջված էր, ինչը ամբաստնյալների և ներկաների դժգոհությամբ տեղիք տվեց: Ամբաստնյալներից Սարգիս Գրիգորյանը բողոքեց. «Որ պետական մարմինները ճիշտ նկարեն, գլուխներս չէր ծռվի»:
Տեխնիկական պատճառներով չհետազոտվեցին գործում առկա մյուս տեսանյութերը, նիստը հետաձգվեց: