Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց

Հարկային նոր օրենսգիրքն այսօր ընդունվեց՝ 79 կող, դեմ 19 և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ նախագիծը քվեարկության դնելը՝ պատգամավորները հայտարարություններով հանդես եկան:

Պատգամավոր Միքայել Մելքունյանը՝ հանդես գալով Բարգավաճ Հայաստան խմբակցության անունից՝ հայտարերեց, որ իրենք չեն մասնակցում քվեարկությանը. «Հարկային օրենսգիրքը փաստորեն հստակ նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար, շեմը իջեցնել, նորից գալ վաղեմության շեմին, սա անընդունելի է: Երկրորդը՝ մենք ընդամենը երկու տարի հետո միջին աշխատավարձ ստացող բոլոր աշխատողների հարկային բեռն ավելացնում ենք և այլ  խնդիրներ կա, որոնց ձեռքը մենք կրակը ընկնելու ենք, ԲՀԿ-ն չի մասնակցելու»,- շեշտեց նա:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց. «Մենք փորձեցինք այդ պատը ծակել, օրենսգիրքը չի համապատասխանում Հայաստանի զարգացման պահանջներին, օրենսգիրքը երկու հակասահմանադրական դրույթ է պահանջում, մեկն այն, որ կանխավճար է պահանջում անձանցից, որոնք չեն աշխատում, Սահմանադրության կոպիտ խախտում է նաև այն, որ հարկվում են որոշ կրոնական կազմակերպություններ»:

Վարդան Այվազյանը պատգամավորներին հիշեցրեց, որ օրենսգրքում ամրագրված ակցիզային հարկը ուժի մեջ կմտնի 2018թ.-ից, իսկ գյուղատնտեսության հարկումը՝ 2028թ.:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ 10 էջից ավելի առաջարկներ է ներկայացրել, որոնց 90 տոկոսը չեն ընդունվել. «Հարկային օրենսգիրքը Հայաստանի տնտեսության համար շատ վտանգավոր է, բազմաթիվ խնդիրներ են առաջացնելու, ես դեմ եմ քվեարկելու»,- եզրափակեց պատգամավորը:

«Այս հարկային օրենսգիրքը ավելացնում է հարկատուների բեռն ու աշխատավարձի մասով, մենք դեմ ենք եղել: Անկախ ամեն ինչից ես առաջարկում եմ սա հետաձգել մի քանի օրով, որ առնվազն այդ գործիքակազմը հստակեցվի, խոսքը վերաբերում է ստուգումներին»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը, իսկ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ Հարկային օրենսգրքի քննարկումը չի համապատասխանել ժողովրդավարական քննարկման նորմերին:

Այդուհանդերձ, նախագիծը դրեց քվեարկությամբ և ընդունվեց երրորդ ընթերցմամբ ու ամբողջապես:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել