Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում Վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշեց ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Սեպտեմբերի 13-ին Նախագահը իր հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակեց Կարեն Կարապետյանին:
Կառավարության կայքի Վարչապետի որոշումներ բաժնում տեղակայված են Վարչապետի որոշումները, որոնց միջոցով է նաև ապահովվում Վարչապետի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և հաշվետվողականությունը: Կայքում ըստ հերթականությամբ վերջին տեղադրված որոշումը` Հովիկ Աբրահամյանի կողմից 2016թ.-ի սեպտեմբեր 8-ին ստորագրված 827 – Ա որոշումն է. Լուսինե Դավթյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման մասին ծախսերի մասին, իսկ թվագրմամբ վերջին որոշումն է. Հովիկ Աբրահամյանի կողմից 2016թ.-ի սեպտեմբեր 8-ին ստորագրված 843 – Ա որոշումը Արման Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը իր առաջին որոշումները ընդունել է 2016թ.-ի սեպտեմբեր 14-ին, երբ իր կողմից ստորագրված 844 – Ա, 845 – Ա, 846 – Ա, 847 – Ա որոշումներով իրենց պաշտոններից ազատել է Վարչապետի խորհրդականներ Արամ Անանյանին և Գագիկ Խաչատրյանին, Վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանին և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղեկալ Գուրգեն Դումանյանին:
Նոր վարչապետը իր հաջորդ որոշումները ընդունել է սեպտեմբերի 16-ին, երբ իր կողմից ստորագրված 848 – Ա և 849 – Ա որոշումներով նշանակել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ, իսկ 850 – Ա որոշմամբ Վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Մարտիրոսյանը:
Նույն օրը կառավարության կայքի աշխատակազմի կառուցված բաժնում կատարվել է համապատասխան փոփոխություն և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ ենթաբաժնում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանի անվան փոխարեն զետեղվել է Գագիկ Մարտիրոսյանի անունը:
Տեղեկացնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուներ երկու գլխավոր խորհրդականներ` Հայկ Դավթյանը և Գագիկ Արզումանյանը: Վերջինս Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2016թ.-ի հունիսի 7-ին: Իրավաբան.net–ի տեղեկություներով ՀՀ նոր Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատել է Գագիկ Արզումանյանին և նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակել է Գագիկ Մարտիրոսյանին:
Սակայն, ՀՀ կառավարության կայքում հրապարակված Վարչապետի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև Գագիկ Մարտիրոսյանի նշանակումը Գագիկ Արզումանյանը չի ազատվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, քանի որ բացակայում է ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը:
Ավելին, նշենք, որ Գագիկ Մարտիրոսյանի նշանակումից հետո նույնպես, Գագիկ Արզումանյանի ազատվելու մասին ՀՀ վարչապետի որոշումը մինչ այս պահը բացակայում է ՀՀ կառավարության կայքի Վարչապետի որոշումներ բաժնից և անհասկանալի է, թե երբ է ընդունվել այդ որոշումը և ինչու հանրությանը չի տեղեկացվել այդ մասին, այն դեպքում, երբ Վարչապետի խորհրդականներ Արամ Անանյանի, Գագիկ Խաչատրյանի խորհրդականի և օգնականներ Տիգրան Կարապետյանի, Աննա Գևորգյանի օգնականի պաշտոններից ազատումների մասին հանրությունը պատշաճ տեղեկացվել է ու այդ բոլոր որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքի Վարչապետի որոշումներ բաժնում: