Համաձայնագիր՝ ուղղված Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը

ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև այսօր ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն  աջակցելու նպատակով:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

«Ես ուրախ եմ մեր պետությունների միջև այս համագործակցության համար»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ շնորհակալություն հայտնելով Արփինե Հովհաննիսյանին՝ նման կենտրոն ստեղծելու գաղափարի համար և  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին՝ գաղափարն իրականություն դարձնելու գործում մեջ աջակցություն ցուցաբերելու համար:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության նախկին և ներկա տնօրեններին՝ գաղափարին հավատալու և այն կյանքի կոչելու նախաձեռնության ակտիվ մասնակիցը դառնալու համար:

 «Ցանկացած գաղափար, որը սկսում ես, պետք է հավատաս դրան՝ անմնացորդ և մինչև վերջ. իմ հավատը մեծ էր Կենտրոնի ստեղծման հետ կապված: Գերատեսչական շահերից՝ անկախ օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական ակտերի մշակում, անկախ փորձաքննություն և պրոֆեսիոնալիզմ. սա է լինելու Կենտրոնի հիմնական առաքելությունը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Համաձայնագրի շրջանակում կենտրոնի միջոցները կուղղվեն մասնագիտական կադրային ապահովման ամրապնդմանը, շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը և Կենտրոնի նախնական կարգավորումների հեշտացմանը` երկարաժամկետ կայունության մոտեցմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել