Մեր տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը նշանակվելու է գլխավոր դատախազի պաշտոնում: Երեկ վերջինս հանդիպում է ունեցել Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, իսկ այսօր էլ հանդիպումներ են լինելու Ազգային ժողովի խմբակցությունների անդամների հետ:
Նախատեսվում է, Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում կքննարկի Արթուր Դավթյանի նշանակման հարցը:
Սահմանադրության 103-րդ հոդվածը ամրագրում է. «Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ»: Նույնը սահմանում է նաև «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո Արթուր Դավթյանը օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար և նույն օրն ազատվեց այդ պաշտոնից։ Նրան այս պաշտոնում նշանակելիս հաշվի չէին առել «Դախազության մասին» օրենքի այն դրությը, որ գլխավոր դատախազի պաշտոնանկության դեպքում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տեղակալներից տարիքով ավագը: Այս մասին Իրավաբան.net-ը վերլուծություն էր կատարել, որը կարող եք կարդալ այստեղ: