Ըստ Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի ներկայացված զեկույցի՝ Հնդկաստանի իշխանությունները չեն աջակցում և չեն պաշտպանում լրագրողներին, ովքեր շարունակաբար ենթարկվում են սպառնալիքների և հարձակումների՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու պատճառով, իսկ ոստիկանությունը ձգձգում է լրագրողների նկատմամաբ իրականացված հանցանքների հետաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Washington Post-ը:
Ըստ կոմիտեի զեկույցի, 1992թ-ից ի վեր 27 լրագրող է սպանվել երկրում՝ իրենց աշխատանքի պատճառով, ինչպես նաև կոմիտեն երկու տասնյակից ավել դեպքեր է ուսումնասիրում պարզելու համար արդյոք այդ լրագրողների սպանությունը նույնպես կապված է եղել լրագրողական աշխատանքի հետ: Փոքր քաղաքներում կոռուպցիոն հետաքննություն իրականացնող լրագրողները շատ ավելի մեծ վտանգի տակ են գտնվում քան Նյու Դելհիի կամ Մումբայի նման խոշոր քաղաքներում աշխատող լրագրողները:
Կոմիտեի զեկույցում նաև ասվում է, որ 10 տարվա ընթացքում Հնդկաստնում միայն մի դեպք է գրանցվել, երբ կասկածյալը հետապնդման է ենթարկվել և մեղավոր ճանաչվել լրագրողին սպանելու համար, սակայն հանցագործը ավելի ուշ ազատ է արձակվել:
«Մեղավորները հազվադեպ են ձերբակալվում: Շատ դանդաղ աշխատող դատական համակարգը՝ կոռումպացված ոստիկանների և քրեկան անցյալ ունեցող քաղաքական գործիչների հետ միասին հնարավորություն են տալիս հանցագործին խուսափել պատիժը կրելուց»,- նշել է կոմիտեի անդամ Սաջուտա Մադհոկը:
Կոմիտեի ներկայացրած տվյալները հաստատված են նաև 2015թ-ին Հնդկաստանի Մամուլի խորհրդի կողմից ներկայացված զեկույցում, որտեղ նշված է, որ չնայած այն հանգամանքին, որ երկրում դեմոկրատական կազմակերպությունները և անկախ դատական մարմինները մեծ դեր են խաղում, լրագրողների սպանության մեղավորները չեն ենթարկվում պատասխանատվության:
Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի խնդրի մեղավորները Հնդկաստանի ղեկավար իշխանություններն ու տեղեկան պաշտոնյաներն են, ովքեր գրեթե ոչինչ չեն արել տասնամյակներ շարունակ երկրում առկա խնդիրը լուծելու համար: Չնայած այն հանգամանքին, որ կոռուպցիոն սկանդալները լուսաբանող հոդվածները խնդրի վրա մեծ ուշադրություն են հրավիրում, կոռուպցիայի շուրջ հետաքննությունները սովորաբար միանգամից դադարեցվում են, եթե հոդվածը հեղինակած լրագրողը սպանվում է:
«Հնդկաստանի ղեկավար իշխանություններից և ոչ մեկը երբեք էլ մեծ ջանքեր չի գործադրել մամուլի ազատությունն ապահովելու համար: Փոքր քաղաքներում աշխատող լրագրողները շատ հաճախ միայնակ և անօգնական վիճակում են հայտնվում երբ որևէ խնդիր է ծագում»,-ասված է զեկույցում:
Զեկույցում մասնավորապես առաանձնացված են Հնդկաստանում լրագրողների սպանության երեք դեպքերը, որոնցից մեկը 2015թ-ի հուլիս ամսին տեղի ունեցած հետաքննող լրագրող Ակշայ Սինգհի սպանության դեպքն է, ով այդ ժամանակ ուսումնասիրում էր մի դեպք, որը առնչվում էր 1 միլիարդ դոլար ապօրինի շահույթի հետ: Նրա սպանությունից մեկ ամիս առաջ արտահաստիքային լրագրող Ջագենդրա Սինգհը սպանվել էր՝ հուսիսային Ուտար Պրադեշ նահանգի պաշտոնյաներից մեկի կողմից կատարված խարդախության և բռնաբարության դեպքի մասին հոդված հրապարակելու համար:
Հնդկաստանի մի շարք լրագրողներ, ում հետ կապ է հաստատել The Associated Press-ը, համակարծիք են, որ չնայած լրագրողները մեծ դեր են խաղում երկրում լայն տարածում ունեցող կոռուպցիայի դեմ պայքարի գործում, նրանք շարունակում են պայքարել նույնիսկ անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում:
«Կարող եմ նշել մի շարք դեպքեր, երբ լրագրողի նկատմամբ սպառնալիքին, հարձակման կամ սպանության դեպքին ոստիկանների առաջին արձագանքը եղել է այդ, որ պնդել են, թե իբր զոհը լրագրող չէ, կամ էլ նրա նկատմամաբ կատարված բռնությունները կապված չեն իր մասնագիտական աշխատանքի հետ»,-նշել է Մամբայում աշխատող խմբագիր Գետա Սեշուն:
«Լրագրողները խոցելի են դարձել տեղական մաֆիայի, բիզնես կազմակերպությունների և կառավարության կողմից կիրառվող ճնշումների նկատմամբ»,-նշել է Ռահուլ Ջալալին՝ Նյու Դելհիում գործող Մամուլի ակումբի նախագահը:
Նա և մյուս լրագրողները սակայն հավելել են, որ չնայած երկրի ամբողջ տարածքում գործող մամուլի ակումբները հիմնականում զբաղված են աշխատողների իրավունքների հարցերով, նրանք նաև անվտագություն են պահանջում և օրենքի բարեփոխում:
«Մենք պետք է հարկադրենք իշխանություններին և ոստիկանությանը գործել ավելի արդար և արագ: Մենք նաև կարող ենք խնդրել լրատվական գործակալությունների տնօրեններին ավելի լրջորեն մոտենալ իրենց լրագրողների անվտանգության հարցին»,-նշել է փորձառու լրագրող Պալագումի Սինատը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը