Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերությունների գրությունների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի նիստի եզրակացության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.
1. «Ֆերոպոլ, երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր, օշարակ, 50մգ/5մլ, 150մլ ապակե կամ պլաստիկե շշիկ և չափիչ ներարկիչ» և «Իբուպրոֆեն Մեդանա, իբուպրոֆեն, դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100գ ապակե սրվակ և չափիչ գդալ, 100գ պլաստիկե սրվակ և չափիչ ներարկիչ»
2. «Տրիխոպոլ, մետրոնիդազոլ, դեղահատեր հեշտոցային, 500մգ, բլիստերում (10/1×10/)» և «Տրիխոպոլ, մետրոնիդազոլ, լուծույթ ն/ե կաթիլաներարկման, 5մգ/մլ, 100մլ պլաստիկե փաթեթ»:
Տեղեկացնում ենք, որ նշված դեղերի համարժեք փոխարինողները գրանցված են Հայաստանում և առկա են դեղատնային գործունեություն իրականացնող ընկերություններում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա: